Այսօր, փետրվարի 8-ին նշվում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ջավախքում սա միակ եկեղեցական տոնն է, որ հազարավոր երիտասարդներն ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի:
Սուրբ Սարգիսի տոնը Ջավախքում յուրատեսակ է անցնում: Երիտասարդները տարբեր վայրերից զանգվածաբար ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի: Ջավախքյան ավանդության համաձայն՝ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի կատարվում: Այս օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, եկեղեցում մոմեր փոխանակում, փոխանակած մոմերը տուն են տանում և դնում բարձի տակ՝ ակնկալելով երազում տեսնել սիրելիին, ապագա կնոջը կամ ամուսնուն:
Դիլիսկա գյուղի երեխաները ուխտավորներին աղավնի են վաճառում, իսկ տարեց կանայք՝ մոմ: Ամբողջ գիշեր մարդկանց հոսքը դեպի Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցի չի դադարում:
Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, այնուհետև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական օրվա պատարագիչը՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն էր:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Այս օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: