Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը սեփական նախաձեռնությամբ Երևանում հանդիպումներ անցկացրեց ընտրություններին մասնակցող թվով 9 կուսակցություններից և դաշինքներից՝ 8-ի հետ:
Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու հետ միասին Խորհուրդը նաև ծանոթացավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:
«Մեր հասարակական կազմակերպությունների խորհուրդը երկարամյա քննարկումների ընթացքում եկել է այն եզրակացության, որ Ջավախքի խնդիրների որոշ մասը կախված է պաշտոնական Երևանի հետ, ուստի հարկ ենք համարել հանդիպել նաև հայաստանյան քաղաքական ուժերի հետ: Հատկապես նախընտրական շրջանում լսել իրենց տեսակետները՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունների, մասնավորապես Ջավախքի հարցում, սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքական, մշակութային և այլն: Հանդիպումների արդյունքերը ամփոփելուց հետո Խորհուրդը հանդես կգա կոչով», – ասաց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Խորհուրդը նմանօրինակ հանդիպումներ է անցկացրել նաև Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ 2016 թ.-ին և տեսակետներ փոխանցել Վրաստանի զարգացման, անվտանգության, առաջընթացի վերաբերյալ:
Հայաստանում անցկացրած հանդիպումների արդյունքում Խորհուրդը հանդես կգա կոնկրետ կոչով, որպեսզի ուղղորդի Հայաստանում ապրող 400 000 ջավախքցիներին, որ քվեարկեն այն կուսակցությունների կամ դաշինքների օգտին, որոնք ավելի իրատեսական ծրագիր ունեն կապված Ջավախքի հետ:
Հարկ է նշել, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցություն-դաշինքներից միայն մեկը՝ Դաշնակցությունն ունի կոնկրետ ծրագիր կապված Ջավախքի հետ:
Ըստ Արտակ Գաբրիելյանի միայն Դաշնակցություն կուսակցության դիրքորոշումն է համընկել խորհրդի տեսակետներին:
«Մենք Ախալքալաքում խորհրդի ընդլայնված նիստ կգումարենք, որից հետո մամուլի ասուլիս կհրավիրենք և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- նշեց Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Նշենք, որ Խորհուրդը հանդիպել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Ծառուկյան դաշինքից: Ինչպես նաև առանձնազրույց են ունեցել ծնունդով ջավախքցի պատգամավորության թեկնածուների՝ Տաճատ Վարդապետյանի, Շիրակ Թորոսյանի և Վարդան Այվազյանի հետ:
Աղունիկ Այվազյան