Փետրվարի 28-ին Թբիլիսիում «Raddison Blu» հյուրանոցում կայացավ երեկո` նվիրված Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին:
Միջոցառումը կազմակերպվել էր Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Միջոցառումն սկսվեց աղոթքով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման հաղորդավարները կարդացին նամակ ուղղված վարչապետին և Վրաստանի նախագահին՝ Վրաստանում հայկական հասարակական կազմակերպությունների անունից:
Նամակում խոսվում է միջոցառումների մասին, որոնք վերջին ժամանակներս կազմակերպվել են Ադրբեջանի դեսպանատան կողմից: Մասնավորապես նամակում նշվում է, որ Ադրբեջանը դրանով միջամտում է Վրաստանի ներքին գործերին:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ Վրաստանում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Ըստ նրա, անցյալ դարի 80-90-ական թվականների մասսայական կոտորածներն Արցախյան շարժումը կանխելու նպատակով իրականացվեցին:
«Խաղաղության հիմնադրամի» ղեկավար Գիորգի Թումասյանը հայտարարել է, որ շատ կարևոր է տեղեկացնել վրաց հանրությանը իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 29 տարի առաջ:
Միջոցառման ժամանակ կայացավ նաև «Սովորական ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: «Վրաստանի հայերի համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը կարծում է, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն:
«Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն, փորձելով միջամտել այլ երկրների ներքին գործերին, այս դեպքում, հարևան Վրաստանին: Այս երկրում, նրանք նախատեսում են և ֆինանսավորում բորբոքող գործողություններ, խախտելով միջազգային օրենքները, ինչպես նաև Վրաստանի ներքին օրենսդրությունը»:
Հայարտուն կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը հույս հայտնեց, որ հայկական կազմակերպությունները հետագայում նույնպես կշարունակեն համագործակցել:
«Այսօրվա միջոցառումը հետաքրքիր է նրանով, որ այն կազմակերպվել է Թբիլիսիում գործող հիմնական հայկական կազմակերպությունների կողմից: Մենք կարող ենք ասել, որ սա լավ քայլ է հետագա համագործակցության և հայկական միջոցառումների միասին կազմակերպման համար»:
Միջոցառմանը հնչեց հայկական դուդուկը, ինչպես նաև հոգևոր և դասական երաժշտություն:
Լուսինե Աստոյան