Չնայած նրան, որ Ախալքալաքում ամեն տարի անցկացվում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ, միևնունն է, քաղաքում դեռ կան փողոցներ, որտեղով երթևեկելը առաջացնում է դժվարություններ՝ ճանապարհին գոյացած փոսերի և անհարթությունների պատճառով։ Jnews-ը փորձեց պարզել, արդյո՞ք  քաղաքապետարանը նախատեսում այս տարի Թբիլիսյան փողոցում հիմնանորոգման կամ փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել։

Թբիլիսյան փողոցը գտնվում է քարուքանդ վիճակում։ Տարիներ առաջ ճանապարհը վերանորոգվել և ասֆալտապատվել է, սակայն այսօր այն նորից քանդված է։ Գոյացած փոսերի պատճառով, վարորդները խուսափում են այդ ճանապարհով երթևեկելուց, քանի որ առաջացած խորդուբորդությունները պատճառ են դառնում մեքենաների վնասմանը, ինչպես նաև, առաջացած փոսերի պատճառով հաճախ են խախտվում երթևեկության կանոները։ Բնակիչների խոսքերով, ճանապարհը ավելի փչացել է նրանից հետո, երբ սկսել են այդտեղով երթևեկել նաև բեռնատար մեքենաները։

Տարիներ շարունակ խոստացել են այդ փողոցում անցկացնել փոսային վերանորոգումներ, բայց չի կատարվել։ Ասֆալտը քանդվելու պատճառներից մեկը եղել է նաև այն, որ այդ փողոցում կա նաև ջրատար խողովակների վերանորոգման և վերականգնման աշխատանքներ տանելու անհրաժեշտություն։

Բնակիչերի կողմից բազմիցս հնչել են դժգոհություններ։ Հաճախ, փոսերից խուսափելու համար վարորդները ստիպված են լինում երթևեկել նաև մայթերի վրայով։

թբիլիսկայա 3

Այս փողոցի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, ասաց․«Սկզբում, երբ նոր էին ասֆալտապատել ճանապարհը, լավ էր, հետո, ժամանակի ընթացքում քանդվեց և դարձավ այսպես»։

Ճանապարհը բավականին երկար ժամանակ է, ինչ գտնվում է այս վիճակում և տեղի բնակիչներն արդեն «ընտելացել են» փոսերին։

«Ճանապարհը լավ է, ոչինչ, առաջ էսքանն էլ չունեինք․․․ », – կատակեց Թբիլիսյան փողոցի բակիչներից մեկը, ով նույնպես չցանկացավ բարձրաձայնել իր անունը։

Բեռնատար մեքենաների մշտական շարժը ու վնասված ջրատար խողովակների լինելը օր-օրի ավելի է վատացնում ճանապարհի վիճակը։ Դիտահորերի լինելն այս փողոցում բարդացնում է մեքենաների տեղաշարժը։ Անվադողերով փակված դիտահորերը փոքրիկ «փրկություն» են վարորդների համար։

479012882_1թբիլիսկայա

Jnews-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանից հետաքրքրվեց,  թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է փոսային վերանորոգումներ կամ վերակառուցում այս փողոցում։

«Մենք ցանկանում ենք Թբիլիսյան փողոցն ընդհանուր վերանորոգել, բայց ջրագծի փոխելու հարց կա։ Ամեն դեպքում, այս տարի փոսային վերանորոգումներ կլինեն։ Փոսային վերանորոգման համար արդեն հայտարարված է տենդեր, որի վերջնաժամկետը փետրվարի 27-ն է։ Աշխատանքները կսկսվեն գարնանը՝ մարտ-ապրիլին, երբ եղանակային պայմանները ներեն», – ասաց Արա Մովսիսյանը։

թբիլիսկայա 2

Jnews-ը բազմիցս անդրադարցել է Թբիլիսյան փողոցի չփակվող փոսերին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, թե ե՞րբ է սպասելի Թբիլիսյան փողոցի ասֆալտապատումը։

«Այս տարի ունենք ծրագիր, որը կատարելու է «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը»։ Ախալքալաքի ջրագծերը փոխվելու են, այս տարվա մեջ եթե չհասցնեն, շարունակելու են հաջորդ տարի։ Դրա համար փորելու են ջրագծերը, հետևաբար ճանապարհները կփչանան, դրանից հետո կպլանավորվի ասֆալտապատումը», – ասաց Մնացական Փամբուխչյանը։

Ինչպես հասկացանք, Թբիլիսյան փողոցում այս տարի կանցկացվի փոսային վերանորոգման աշխատանքներ, իսկ փողոցն ամբողջովին վերակառուցելու համար պետք է սպասել, որ փոխվի ջրատար խողովակները։