
Թբիլիսիի քաղաքապետարանն այսօր սկսել էր խորհրդարանի շենքի դիմաց տոնածառ հավաքել։ Չնայած ցուցարարների բողոքներին և երկրում առկա լարված իրավիճակին, նրանք չեն հրաժարվել քաղաքը զարդարելու մտքից, որին ի պատասխան ցուցարարները տոնածառին փակցրել են ծեծի ենթարկված լրագրողների և հանրահավաքի մասնակիցների լուսանկարները, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության դրոշները:
Արդեն 11 օր է, ինչ քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի» Վրաստանի եվրաինտեգրումից հրաժարվելու որոշման դեմ, 400-ից ավելի մարդ ձերբակալվել է, նրանցից ավելի քան 300-ը ծեծի են ենթարկվել։ Բժիշկները մտահոգություն են հայտնում իշխանությունների կողմից բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառվող քիմիական նյութերի վերաբերյալ, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար։
Մի քանի օր առաջ, քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին հայտնել էր, որ այնուամենայնիվ, տոնածառը զարդարվելու է: Նրա խոսքով, մայրաքաղաքում տոնածառի վառման հետ կապված հնչող սպառնալից հայտարարությունները կտրականապես անընդունելի են, քանի որ քաղաքներում տոնածառը վառում են նույնիսկ պատերազմի ժամանակ, և Ուկրաինան դրա վառ օրինակն է։
Ի պատասխան կառավարության քայլերի՝ այսօր, տոնածառի տեղադրումից հետո քաղաքացիները հավաքվել են դրա շուրջ, իրենց հետ բերելով ծեծված քաղաքացիների լուսանկարները և դրանցով «զարդարել» են տոնածառը։