Չեխիայում Վրաստանի դեսպան Թեա Մաիսուրաձեն հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու կառավարության հայտարարության դեմ։ Այս մասին նա տեղեկություն է տարածում սոցցանցերում։ Սա արդեն 6-րդ դեպքն է, երբ դիվանագետները ի նշան բողոքի հրաժարական են տալիս։

Նրա խոսքով, ինքը հավատարիմ է մնում Վրաստանի եվրոպական ապագային:

«Ես հրաժարական եմ ներկայացրել Չեխիայում Վրաստանի դեսպանի պաշտոնից։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ երկրի ազգային շահերին շուրջ երկու տասնամյակ՝ նպաստելով նրա եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը, պաշտպանելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հավատարիմ եմ Վրաստանի եվրոպական ապագային»,- գրում է Թեա Մաիսուրաձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել միջազգային դրամաշորհներից։

Կառավարության ղեկավարի խոսքով, դրա պատճառները ԵՄ-ի մշտական ​​շանտաժն է՝ անդամակցելու շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։

Այս հայտարարությունից հետո զանգվածային բողոքի ալիք բարձրացավ Վրաստանում։ Արդեն 5 օր է ցույցերը շարունակվում են խորհրդարանի դիմաց և ավարտվում լուսադեմին՝ բռնի ցրմամբ։ Վրաստանի իշխանությունների այս որոշումից հետո ԱՄՆ-ում, Լիտվայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում երկրի դեսպանները, ինչպես նաև Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը հայտարարեցին իրենց հրաժարականի մասին։