
«Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, նոյեմբերի 28-ին, Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների պլատֆորմը, Ախալքալաքում երիտասարդների մասնակցությամբ անցկացրեց հանդիպում, որտեղ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկություններ արեցին Ջավախքում զբաղվածության խնդիրը հաղթահարելու ուղղությամբ:
Հանդիպումն անցավ Մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում։ Հանդիպմանը ներկա էին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մունիցիպալիտետի երիտասարդ բնակիչներ։
Հինգ ամիսների ընթացքում հասարակական կազմակերպությունների պլատֆորմը, որը ծրագրի շրջանակներում աշխատում է Ջավախքում զբաղվածության խնդրի լուծման համար, տարբեր ձևաչափի և տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացրել։ Արդյունքում բազմիցս քննարկվել են այն ոլորտները, որոնց խնդիրները նպաստում են Ջավախքում զբաղվածության խնդրին։ Նախորդ քննարկումներից ելնելով՝ «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն Ռիմա Ղարիբյանը, Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն, բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը, Ախալքալաքի LAG հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Խաչատուրյանը, «Ապագայի կորպուս» քաղաքացիական զարգացման ասոցիացիայի տնօրեն Վաղարշակ Շախբեկյանը զբաղվածության հետ կապված իրավիճակը բարելավելու առաջարկներ բարձրաձայնեցին։ Երիտասարդներն իրենց կարծիքը հայտնեցին նաև տեղական հասարակական կազմակերպությունների առաջարկությունների և ընդհանրապես նրանց աշխատանքի մասին։