Թբիլիսիում հոկտեմբերի 26-ի ընտրություններն ամփոփող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօրվա նիստը մեկնարկել է միջադեպով։

ԿԸՀ հանձնաժողովի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրթաիձեն սեւ հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա՝ մեղադրելով նրան անարդար որոշումներով երկիրը դեպի Ռուսաստան տանելու մեջ։

Նիստն ընդհատվել է, հանձնաժողովի ընդդիմադիր անդամին անվտանգության աշխատակիցները հեռացրել են նիստերի դահլիճից։

Միջադեպից րոպեներ անց նիստը վերսկսվել է։ ԿԸՀ նախագահը, ով դահլիճ է վերադարձել աչքը կապած, հայտարարել է, որ ընդդիմադիրները ոչնչի չեն հասնի ահաբեկման միջոցով՝ շեշտելով, թե «իրական հանգամանքներ չկան, որոնք կվկայեն ընտրություններում շահարկումների մասին»։

Նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում ԿԸՀ շենքի մոտ, ցուցարարները պահանջում են չեղարկել «կեղծ ընտրությունները»։

Միջազգային դիտորդներն, իրենց հերթին, ենթադրյալ խախտումների վերաբերյալ անաչառ հետաքննություն են պահանջում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 26-ի էին։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը, որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները։