Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։

Երեք մարզիկ Ախալքալաքի մունիցիպալիտետից, և ևս երեք մարզիկ Նինոծմինդայի մունիցիպալիտետից մեկնել են Իտալիա՝ Միլան քաղաք, մասնակցելու 15 տարեկանից բարձր երիտասարդների քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը: Երկու մարզիկը Դադեշ գյուղից են, նրանց մարզում է մարզիչ Անդրանիկ Աբելյանը, երեք մարզիկը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից են, մեկը՝ Ախալքալաքից, վերջին 4 մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը։

Վաղը տեղի կունենա մասնակիցների կշռումը, իսկ մյուս օրը կսկսվեն մրցումները։

Մարզիչ Սերգեյ Տոնականյանը մարզիկների հետ գտնվում է առաջնությունում, նա հաղթանակի հույս ունի.

«Հուսով եմ, նրանք արդյունքներ կգրանցեն, վճռական են, տրամադրված են հաղթանակի։ Բացի մեկից, մյուսները եղել են միջազգային մրցույթներում, հուսով եմ, մրցանակային տեղեր կզբաղեցնեն»,- ասաց Սերգեյ Տոնականյանը։