Ջավախքում, ինչպես ամբողջ Վրաստանում, այսօր ընտրում էին երկրի խորհրդարանի կազմը։ Ինչպե՞ս են ընտրություններն անցել շրջանում և ի՞նչ ակնկալիքներ ունեն Ջավախքում ներկայացված քաղաքական կուսակցությունները։ Նրանց ներկայացուցիչները պատասխանում են հարցերին։
«Որպես այդպիսին արձանագրված խախտումներ, ճիշտն ասած, չկան, բայց ես գիտեմ, որ գյուղերում «կարուսելներ» են եղել, Նինոծմինդայի մասին չգիտեմ, բայց գյուղերում, այո, եղել են, այնտեղ, որտեղ էլեկտրոնային եղանակով են քվեարկել, այսինքն՝ մի հոգին մի քանի անգամ է ներս մտել։ Առնվազն երկու անգամ տեսել ենք։ Սա ուղղակի կարող են որոշել միայն համագյուղացիները։ Նրանք չեն կարող որոշել, թե ով է դրսից։ Նրանք փոխում են իրենց հագուստը ու նորից են գալիս քվեարկելու։ Բնակչության վրա ճնշումը մեծ է: Մարդիկ ահաբեկված են, դա հաստատ: Օրինակ, Գորելովկայում մենք պաստառներ ենք կախել, բայց գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը մեզ ուղիղ ասաց, որ այդ պաստառները վաղը չեն լինելու։ Իսկապես, ամեն ինչ հանվել էր ու դեն նետվել։ Այնպես որ, մարդկանց ահաբեկում են: Ինչ վերաբերում է նրան, թե իմ օգտին քվեարկել են, չգիտեմ, ամեն ինչ այնքան անհասկանալի է, որ բոլորը վախենում են ուղիղ խոսել։ Երիտասարդները հաստատ ձայն չեն տա «Օցնեբային»: Իմ քարոզը կայանում էր նրանում, որ եթե չեք ուզում որևէ մեկին ձայն տալ, ուղղակի փչացրեք քվեաթերթիկները։ Բացի «Օցնեբայից» ու «Նացիոնալներից», ձեր ձայները տվեք ում ուզում եք։ Բացի այս երկու կուսակցություններից, ում հարմար ու ուժեղ եք համարում, ձայն տվեք նրանց օգտին»։
«Անկեղծ ասած, ընտրությունների հետ կապված՝ այս պահին ամեն ինչ հաջող է, հանգիստ, լարվածություն չկա, կոնֆլիկտներ չեմ տեսել։ Տարաձայնություն չկա, որքանով ես եմ տեղեկացված։ Ինչ վերաբերում է խախտումներին, ապա կարող էին լինել տեխնիկական խնդիրներ՝ կապված էլեկտրոնային քվեարկության հետ, կային խոչընդոտներ, քանի որ առաջին անգամն է, որ բնակչությունն այսպես է քվեարկում, և դրա փորձը չունեինք։ Մեր շրջանում ակնկալիք ունենք ստանալ ձայների 80 տոկոսից ավելի»։
«Մերոնք դեռ չեն բողոքել: Ես ինքս իմ գյուղում եմ քվեարկել։ Մեր գյուղում արտառոց ոչինչ չի գրանցվել։ Չգիտեմ ինչ պատասխանել։ Ես չեմ սիրում սուտ խոսել: Հաղթելու համար, կամ արդարանալու համար սուտ հորինել։ Ես ինքս դա չեմ նկատել, և ինձ նման բան չեն ասել զանգի միջոցով։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ կլինեն: Բնակչության մեծ մասը չի փոխվել։ Սրանք նույն մարդիկ են։ Ունեինք 11%, 7%, գրեթե 4%։ Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչ արդյունքներ կլինեն»:
«Այս պահին տեղեկություն չունեմ։ Ես ընտրատեղամասերում գտնվելու իրավունք չունեմ, քանի որ թեկնածու եմ և իրավունք չունեմ լինել ընտրատեղամասերում։ Երբ ընտրություններն ավարտվեն, դիտորդները կհայտնեն այդ մասին։ Ես տեղեկություն չունեմ, քանի որ դիտորդների հետ կապ չկա և չգիտեմ՝ ինչ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա շատ դժվար է ասել։ Այս ընտրություններն ինքնին շատ հետաքրքիր են։ Էլեկտրոնային ընտրությունների հետ կապված շատ պահեր կան։ Պետք է նայենք ու ուսումնասիրենք, թե ինչ խախտումներ կան»։
«Մենք դիտորդներ չունեինք, ԿԸՀ-ն մեզ չբլոկել է։ Մենք ունեինք 120 դիտորդ, այս մասին մեզ հայտնեցին երեկ՝ ընտրություններից առաջ։ Ասացին, թե իբր կայքը փչացել է, և մենք չենք կարող գրանցել ձեր դիտորդներին։ Քանի ձայն կարող ենք հավաքել, ես չեմ կարող ասել»։
«Խախտումները ստանդարտ են, դարձյալ՝ ընտրատեղամասերում հավաքված գյուղերի ակտիվ ներկայացուցիչները, նրանց ակտիվ զանգվածը՝ տարածքի մոտ է։ Ճնշումներ կան բնակիչների վրա: Այսինքն՝ այն ամենը, ինչ այս տարիների ընթացքում կատարվում է որպես ստանդարտ, պարզապես ավելի բարելավված քանակությամբ։ Եղել են աննշան միջադեպեր, ճնշումը նույնն է, որ 50 հոգին դիմավորում ու ուղեկցում են քվեարկելու։ Ահա սա: Այս գործի մեջ են նրանք, ովքեր գյուղում պաշտոն ունեն և կապ չունի՝ մակնշում է, թե գյուղի լիազորն է։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա ես չեմ պատասխանի ձեր հարցին: Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, քանի դեռ ձայները չեն հաշվարկվել։ Ժամանակը ցույց կտա, չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ կլինեն»։
Այսօր Վրաստանում տեղի են ունեցել երկրի օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ընտրություններն ընթանում են բարձր լարվածության, խախտումների ու կեղծիքների մասին տեղեկությունների ֆոնին։