Ախալքալաքի քաղաքային տրանսպորտը շրջանի վաղեմի և սուր խնդիրներից է։ Խնդիրը բազմաշերտ է՝ կա՛մ տրանսպորտ չկա, կա՛մ այն կա, բայց մասնավոր է և որևէ կերպ չի վերահսկվում իշխանությունների կողմից, և դրա գրաֆիկը միշտ չէ, որ հարմար է բնակիչներին։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Jnews-ը հարցումներ է անցկացնում բնակչության շրջանում՝ բացահայտելու այն խնդիրները, որոնք այսօր անհանգստացնում են Ջավախքից ընտրողներին։ Այլ խնդիրների հետ մեկտեղ շատերը նշում են հասարակական տրանսպորտի բացակայությունը, որը շատ առումներով սահմանափակում է գյուղաբնակներին:

Տրանսպորտի հետ կապված իրավիճակը հանգեցնում է մի շարք հետևանքների: Մի կողմից, դժվարամատչելի գյուղերի բնակիչները զրկված են քաղաքում բազմաթիվ հնարավորություններից. դրանք ներառում են իրենց երեխաների համար նախատեսված խմբակներն ու բաժինները, բանկային և պետ. ծառայությունները, բժշկական ծառայությունները, ժամանցը, գեղեցկության սրահները և այլն։ Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար գյուղի բնակիչները պետք է որոշակի ժամի երթուղային տաքսիով հասնեն քաղաք, այնուհետև երթուղայինով հետ վերադառնան: Ժամանակի սղության պատճառով գյուղաբնակները չեն հասցնում իրենց ամբողջ գործն անել, կամ ստիպված են լինում մնալ քաղաքում և հետո վերադառնալ գյուղ տաքսիով։ Երթուղայինների անհարմար գրաֆիկի պատճառով երեխաները ևս զրկված են բազմաթիվ քաղաքային խմբակներ հաճախելու հնարավորությունից, իսկ շատ գյուղերում այդ հնարավորությունն էլ չկա։

Մյուս կողմից, տուժում են ոչ միայն գյուղի բնակիչները, այլև Սամցխե-Ջավախքի համալսարանում սովորող ուսանողները։ Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքը գտնվում է Ախալքալաք քաղաքից բավականին հեռու՝ ռեֆերալ հիվանդանոցից մի փոքր վերևում: Համալսարանը գտնվում է Ախալքալաքի կենտրոնից 3 կմ հեռավորության վրա։ Ոտքով մասնաշենք հասնելը շատ դժվար է։ Ե՛վ քաղաքի, և՛ գյուղերի ուսանողները ստիպված են օգտվել տրանսպորտից՝ անձնական մեքենայից կամ տաքսիից։ Ուսանողներից ոմանք ուսման վարձի գրեթե նույն չափը ծախսում են տրանսպորտի վրա, ոմանք էլ ստիպված են քաղաքում բնակարան վարձել։

Ախալքալաքում փորձեր են արվել լուծել մունիցիպալ տրանսպորտի խնդիրը։

Առաջին անգամ տրանսպորտի խնդիրը բարձրացվել է 2022 թվականին Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։ Ախալքալաքի LAG-ի նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի 6 հեռավոր համայնքներում շարժունակության խնդրի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում մշակվել է շարժունակության ռազմավարություն և գործողությունների ծրագիր։ Վերջնական փաստաթուղթը ներկայացվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր հատվածին և հասարակական կազմակերպություններին: Սակայն, ցավոք, այս ռազմավարության հիման վրա ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Խնդրի լուծման մեկ այլ փորձ հանդիսացավ 2023 թվականի մայիսին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից քաղաքում և գյուղերում մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու վերաբերյալ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո խնդրագիր ներկայացնելը: Երկար քննարկումներից հետո Սակրեբուլոյի բյուրոն հավանություն տվեց խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկեց քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։ Քաղաքապետարանը ըմբռնումով ընդունեց գաղափարը, սակայն դրա դեմ բազմաթիվ հիմնավորումներ ուներ, այդ թվում այն, որ մունիցիպալիտետն ունի շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհների, խմելու ջրի բացակայություն, բացի այդ, հնարավոր չի լինի բոլոր գյուղերը միանգամից տրանսպորտով ապահովել, ինչն էլ իր հերթին դժգոհություն կառաջացնի բնակչության շրջանում։ Ի վերջո, որոշում կայացվեց 200 000 լարի հատկացնել մեկ միավոր տրանսպորտ գնելու և մեկ երթուղի գործարկելու համար, որպեսզի հասկանան, թե որքանով դա իրեն կարդարացնի: 2024 թվականի բյուջեում, այնուամենայնիվ, այս կետը չներառվեց։

Դրանից հետո քաղաքապետարանից պնդում էին, որ խոստումը կկատարվի 2024 թվականի ընթացքում՝ բյուջեի փոփոխությունների արդյունքում կամ եթե հնարավոր լինի՝ համաֆինանսավորմամբ, դրամաշնորհի միջոցով։

Նշենք, որ Ախալցիխեի մունիցիպալիտետը դրական օրինակ է դարձել քաղաքային տրանսպորտի խնդրի լուծման գործում։ Այնտեղ 2021 թվականի հուլիսին «ТI– Georgia» կազմակերպությունը կապ է հաստատել Սակրեբուլոյի հետ՝ 500 տեղի բնակիչների կողմից ստորագրված միջնորդությամբ՝ խնդրելով լուծել տրանսպորտի խնդիրը։ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի իշխանությունները հանդիպման ժամանակ խոստացան, որ 2023 թվականին քաղաքում կսկսի գործել մունիցիպալ տրանսպորտ։ Իսկ 2024 թվականի փետրվարին Ախալցիխեի մունիցիպալիտետն արդեն շահագործման համար ստացել է 18 ավտոբուս, որոնցից երեքը կսպասարկի քաղաքին, իսկ մնացածը՝ գյուղերին։

Jnews-ը կհրապարակի առանձին նյութ այն մասին, թե ինչպես են 2024 թվականի ընտրություններին պայքարող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները տեսնում այս խնդրի հնարավոր լուծումը։