Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում տևական ժամանակ է, ինչ բողոքում են բուֆետի, ինչպես նաև հասարակական կամ հատուկ ուսանողական տրանսպորտի բացակայությունից։ Ուսանողները, հատկապես գյուղերից եկածները, անհանգստություն են զգում, քանի որ ցերեկը հնարավորություն չունեն հաց ուտելու, ստիպված երկար սպասել գյուղական երթուղայիններին կամ վճարել տաքսու համար։
Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքը գտնվում է Ախալքալաք քաղաքից բավականին հեռու՝ ռեֆերալ հիվանդանոցի վերևում: Համալսարանը գտնվում է Ախալքալաքի կենտրոնից 3 կմ հեռավորության վրա։ Ոտքով շենք հասնելը շատ դժվար է։ Ե՛վ քաղաքի, և՛ գյուղերի ուսանողները ստիպված են օգտվել տրանսպորտից՝ անձնական կամ տաքսիից։
«Տրանսպորտի հարցը շատ կարևոր է, քանի որ երկու մունիցիպալիտետներում էլ հատուկ տրանսպորտ չկա, կամ կա, բայց ժամանակի առումով չի համընկնում։ Ուստի սեփական տրանսպորտ չունեցողներին ստիպում են տաքսի ծառայություններից օգտվել, իսկ դրանք էժան չեն»,- ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետից եկող ուսանողուհին։
Ըստ նրա՝ ամբողջ ուսումնական տարվա համար տաքսիի վրա ծախսում է օրական 25 լարի, եթե ոչ ավելի, տաքսու վարձը դուրս է գալիս տարեկան ուսման վարձի չափով:
Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն նշում է, որ իրենք մունիցիպալիտետի առջև միշտ բարձրացրել են տրանսպորտի հարցը։
«Այս խնդիրն ունեցել ենք նաև Ախալցիխեում։ Իհարկե, գյուղերը տարբեր են։ Եվ համալսարանի համար շատ դժվար է մի քանի տրանսպորտ նշանակել, իսկ որևէ մեկ ուղղություն ընտրելը ևս բարդ է։ Մունիցիպալիտետներին մենք միշտ ասել ենք՝ քանի որ ուսանողական քաղաք է, պետք է որոշակի միջոցներ ձեռնարկել։ Շատ ուրախ եմ, որ Ախալցիխեում արդեն ունենք տրանսպորտ, իսկ ուսանողների համար արտոնություն կա՝ ուղեվարձի կեսն են վճարում։ Սա շատ լավ օրինակ է, և մենք, իհարկե, այդ հարցը կդնենք Ախալքալաքի քաղաքապետարանի առջև»,- նշել է նա։
Մյուս խնդիրը, որը երկար ժամանակ անհարմարություններ է պատճառում ուսանողներին, բուֆետի բացակայությունն է։
«Բուֆետն անհրաժեշտ է, քանի որ դասերը շատ շուտ են սկսվում և ուշ են ավարտվում, և մոտակայքում նույնիսկ խանութ չկա, որից կկարողանաս օգտվել», – ասում է Նինոծմինդայի շրջանից եկող համալսարանի ուսանողուհին:
Խնդիրն ամենաշատը վերաբերում է գյուղական բնակավայրերի ուսանողներին, քանի որ նրանք սպասում են երթուղային տաքսիների և շատ երկար ժամանակ անցկացնում համալսարանում:
«Եթե բուֆետ լինի, իհարկե, լավ կլինի, որ դասամիջոցին գնանք, սուրճ խմենք, սնվենք, բայց գյուղերից եկողների համար ավելի դա կարևոր է, քանի որ դասերից հետո նրանք տրանսպորտի են սպասում»,- մեկնաբանում է Ախալքալաք քաղաքի մեկ այլ ուսանող։
Բուֆետի վերաբերյալ ռեկտոր Մակա Բերիձեն նշում է․
«Ինչպես գիտեք, Ախալքալաքի չորրորդ մասնաշենքը վերանորոգվել է, իսկ այնտեղ առաջին հարկում արդեն տեղ է հատկացվել բուֆետի համար, մենք արդեն գնել ենք սեղաններ, աթոռներ, տեխնիկա, այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մենք պարզապես սպասում ենք իրավազորման՝ գործընթացին, երբ հատուկ հանձնաժողովը մանրամասն ստուգում է ամեն ինչ՝ տեխնիկական պարամետրերից մինչև ծրագրերը։ Մենք պետք է իրավազորում անցնենք, որպեսզի հնարավորություն ունենանք մտնել այս շենք և սկսել ուսումը»։
Ռեկտորի խոսքով՝ իրենք նախատեսում են շենքը շահագործել հաջորդ ուսումնական տարվանից, այսինքն՝ 2024 թվականի սեպտեմբերից։