Հոկտեմբերի 11-ին իշխանական POSTV հեռուստաընկերության կողմից հրապարակված 40 վայրկյանանոց տեսանյութը, որը իր մեջ կրում էր հայատյացության տարրեր, բուռն քննարկամ թեմա է դարձել, որին արձագանքել են նաև մի շարք կազմակերպության ներկայացուցիչներ:
Տարածված տեսանյությում երևում է, որ իշխանական POSTV հեռուստաընկերության լրագրողը հայատյաց հարցեր է ուղղում ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին:
«Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ մեղադրելով նրան իր հայկական ծագումը թաքցնելու մեջ։
Տեսանյութը դիտեք այստեղ:
Չնայած լրագրողի խտրականություն պարունակող հարցերին, տեսանյութի տարածվելուց և քննարկումներից հետո քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեն «Երազանքի» փոխարեն հայ ազգից ներեղություն է խնդրել հայատյատության ալիքի համար:
Նշենք, որ Վրաստանում առաջին անգամ չէ, երբ իշխանական մեդիայի կողմից քաղաքական գործիչներին վարկաբեկելով կիրառվում է էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը:
Կատարվածին անրադարձ է կատարել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին և արձագանքելով իշխանական POSTV հեռուստաընկերության հայատյաց տեսանյութին գրել է․
«Չնայած այն բանին, որ ԶԼՄ-ների հիմնական գործառույթը հարցեր տալն է, սակայն այն չպետք է լինի խտրական: Կարևոր չէ, թե որ էթնիկ խմբին է պատկանում Վրաստանի քաղաքացին: Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- կարդում ենք օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում:
Հանրային պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոնը և Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը ևս արձագանքել են կառավարական քարոզչական POSTV-ի տարածած տեսանյութին և նրանց գնահատմամբ՝ սա հայաֆոբ կեցվածքով և քաղաքական պայքարի կեղտոտ մեթոդով քաղաքական շահարկում է։
Կազմակերպությունները կտրականապես դատապարտում և անթույլատրելի են համարում «տարիներ առաջ ստեղծված այդ վնասակար «ավանդույթի» թարմացման փորձը՝ երկրի շահերին վնասող՝ էթնիկ տարրի օգտագործումը քաղաքական վարկաբեկման, խտրականության և կարծրատիպերի շահարկման համար»։
«Մենք գործ ունենք հայաֆոբ կեցվածքով քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական պայքարի կեղտոտ մեթոդի հետ, այլ էթնիկ խմբի ինքնությունը նպատակաուղղված վերագրելով կոնկրետ քաղաքական գործչի և դրա հիման վրա արժանապատվությունը խարխլելու անթույլատրելի փորձի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը կոչ է անում նշված լրատվամիջոցին և հայատյացություն տարածող այլ սուբյեկտներին հրապարակայնորեն ներողություն խնդրել էթնիկ ինքնությունը վարկաբեկելու նպատակով օգտագործելու և ապագայում հրաժարվել նմանատիպ գործելաոճից, որը հակասում է Վրաստանի ազգային շահերին, ժողովրդավարական հասարակության սկզբունքներին:
Իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև վրաստանյան «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերությունը: PMMG-ն հայտնում է, որ նշված տեսանյութի առնչությամբ դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին։
«Կազմակերպությունը գտնում է, որ նշված օղակը խտրական է, քանի որ այն հիմնված է հասարակության մեջ հաստատված կարծրատիպային (տվյալ դեպքում՝ հայատյաց) վերաբերմունքի վրա, որին հաճախ դիմում են ընտրություններին մասնակցող կուսակցությունները, այդ թվում՝ նրանց հետ փոխկապակցված լրատվամիջոցները։ Մասնավորապես, կազմակերպության կարծիքով, լրագրողը խտրականություն է դրսևորում պատասխանողի նկատմամբ էթնիկ պատկանելության վրա, երբ հարցեր տալիս օգտագործում է հետևյալ ձևակերպումները. «Ինչո՞ւ եք թաքցնում ձեր ծագումը», «Մենք գիտենք, որ հայ եք և դուք ամաչո՞ւմ եք դա ընդունել», «Ես ունեմ փաստեր և անպայման ձեզ ցույց կտամ» և այլն: Ըստ այդմ՝ խախտվել է Խարտիայի 7-րդ սկզբունքը, ըստ որի՝ «լրագրողը պետք է հասկանա լրատվամիջոցների կողմից խտրականությունը խրախուսելու վտանգը։ Հետևաբար, պետք է ամեն ջանք գործադրվի՝ կանխելու խտրականությունը ցանկացած անձի նկատմամբ ռասայի, սեռի, սեռական կողմնորոշման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման կամ որևէ այլ հիմքով: Կազմակերպությունը դիմել է լրագրողական էթիկայի կանոնադրությանը՝ նշված խնդիրն ուսումնասիրելու և արձագանքելու խնդրանքով»,-նշված է հայտարարության մեջ։
Այս հարցի շուրջ Jnews-ը զրույց է ունեցել նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի հետ, ով գնահատելով իրավիճակը, նշում է, որ իշխանությունը, իրեն կից ԶԼՄ-ների, պատգամավորների և կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով ակտիվորեն տարածում է հայատյացություն և դա օգտագործում է որպես միջոց ընդդիմադիր արևմտամետ առաջնորդների դեմ, նրա խոսքով հայ համայնքի համար, իհարկե, լրիվ անընդունելի և քննադատելի են հայատյացության բոլոր դեպքերը՝ անկախ այն բանից, թե ում կողմից է դա արվում:
«Երբ մեր պետությունը շարժվում է դեպի բռնապետություն, ապա մարդու իրավունքները այդ ռեժիմում խախտվում են և դրա վառ օրինակն է այս հայատյացությունը, որն աննախադեպ է, և, որն իշխանությունն է բացահայտ օգտագործում, ինչը նշանակում է, որ Վրաստանի հայ քաղաքացիները իրենց որոշումը պետք է կայացնեն հոկտեմբերի 26-ի ընտրությունների հետ կապված և իմ պատկերացումներով ձայն չտան հայատյաց կուսակցությանը և նախընտրեն արևմտամտ կուսակցություններին, որը կբացի Վրաստանի և Հայաստաի ճանապարհը դեպի Եվրամիություն, ինչը մեզ համար առաջնահերթություն է», – նշում է Գիորգի Թումասյանը:
Գիորգիի համոզմամբ՝ հայատյացություն տարածում են ռուսական գործակալները և Ռուսաստանը փորձում է ատելություն սերմանել հայերի և վրացիների մեջ, քանզի դա միակ ճանապարհն է խոչընդոտելու երկու ազգերի համատեղ եվրոպական ապագային, որտեղ ապահոված կլինի Վրաստանի և Հայաստանի անվտանգությունը:
Անդրադառնալով հայկական կողմի արձագանքներին, Թումասյանը հավելում է, որ հայ հասարակությունը շատ ավելի ակտիվ պետք է պատասխանի այսպիսի դեպքերին և հստակ ընդգծի իր դիրքորոշումը:
«Այս ընտրությունները ցույց են տալիս, որ հայ համայնքն ունի ներգրավվածության և ներկայացուցչության լուրջ խնդիր, կարելի է ասել, որ հատկապես ընդդիմադիր դաշտում հայ ակտիվ քաղաքական գործիչներ չեն երևում և դրա անհրաժեշտությունը կա, որովհետև քաղաքական գործիչները ի վերջո պետք է օրակարգում դնեն այս և այլ հարցեր»:
Այս թեմայով կարդացեք նաև՝