Երեկվանից՝ հոկտեմբերի 15-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը՝ ինչպես սեպտեմբերի 30-ից, կարանտինի համար, փակված, այնպես էլ հոկտեմբերի 7-ից փակված մանկապարտեզները։ Նախադպրոցական հաստատություններում երեկ՝ աշխատանքի վերսկսման առաջին օրը, հաճախելիությունը ցածր է եղել, սակայն որոշում է կայացվել շարունակել աշխատանքը։

«Այսօրվանից բացվեցին բոլոր մանկապարտեզները, ինչպես և խոստացել էինք։ Մենք դեռ տեղեկություն չունենք հիվանդ երեխաների թվաքանակի մասին։ Այսօր հաճախելիությունը, ճիշտ է, քիչ էր, բայց բացեցինք, հետո կտեսնենք»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։

Սեզոնային վիրուսային հիվանդությունների և ցածր հաճախելիության պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 15-ը փակ են եղել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում տարածված էին սեզոնային վիրուսային հիվանդություններ։