Վրաստանում արևմտյան դոնորների միջոցներով իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Ջավախքում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ինտեգրման և պաշտպանության ծրագրերը զգալի արդյունքներ են տվել։ Այս կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլին խոսել է այն մասին, թե կոնկրետ ինչ է արվել Ջավախքում դոնորների գումարներով «Հասարակական քաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան»-ի կողմից։

Հարցին, թե ի՞նչ նախագծեր է իրականացնում «Բազմազգ Վրաստանը» և ի՞նչ նպատակներ է հետապնդում, Ալեքսանդրա Կալատոզիշվիլին պատասխանել է.

«Մեր կազմակերպությունն ավելի քան 25 տարի ակտիվորեն աշխատում է էթնիկ փոքրամասնությունների և երիտասարդության ներկայացուցիչների հետ՝ իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են Վրաստանի տարբեր համայնքների ինտեգրմանը և զարգացմանը: Մեր բոլոր ձեռքբերումներն անհնարին կլինեն առանց օտարերկրյա և տեղական դոնորների ֆինանսական աջակցության, որոնց թվում հիմնական գործընկերներն են Եվրամիությունը, եվրոպական երկրների դեսպանատները, դիվանագիտական ներկայացուցչությունները, նաև Միացյալ Նահանգները։ Առանց այդ դրամաշնորհների, ոչ ֆորմալ կրթության, տեղի բնակչության աջակցության, ֆերմերների, ձեռնարկատերերի և այլ մասնագետների զարգացման ծրագրերի մեծ մասն անհնար կլիներ իրականացնել»։

Գործադիր տնօրենի խոսքով, այս ջանքերը նպաստում են ոչ միայն էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը, այլ նաև տարածաշրջանների ընդհանուր զարգացմանը և երկրում ժողովրդավարական գործընթացներին:

Ալեքսանդրա Կալատոզիշվիլին նաև ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որոնց վրա աշխատում է իր կազմակերպությունը։

Թափանցիկ ընտրություններ

«Մենք տարածաշրջանում միակ կազմակերպությունն ենք, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրությունների ժամանակ՝ ապահովելով դրանց արդարությունն ու թափանցիկությունը։ Սա երկրի ժողովրդավարական զարգացման էական տարրն է, որին մենք կարող էինք հասնել միայն օտարերկրյա դոնորների աջակցության շնորհիվ»։

Բնակչության աջակցության կենտրոններ

«Դրամաշնորհային աջակցության շրջանակներում մենք մարզերում ստեղծել ենք տնտեսական զարգացման կենտրոններ, որտեղ տեղի բնակչությունը ստանում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև տարբեր կրթական ծառայություններ, որոնք այլապես անհասանելի կլինեին»:

Երիտասարդների համար դեմոկրատական մասնակցության դպրոց

«Մենք կազմակերպում ենք ծրագրեր՝ ուղղված երիտասարդների շրջանում քաղաքական գրագիտության զարգացմանը, քաղաքական և հասարակական գործունեության համար ապագա կադրեր պատրաստելուն։ Սա կարևոր քայլ է երկրի քաղաքացիական և քաղաքական կյանքին էթնիկ փոքրամասնությունների լիարժեք ինտեգրման ուղղությամբ»։

«Այս ծրագրերն իրական ներդրում ունեն տեղական համայնքների կյանքը բարելավելու, երիտասարդների համար նոր հնարավորություններ բացելու և Վրաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը նպաստելու գործում: Եթե չլինեին այս ծրագրերը, մենք այսօր նույն ելակետում կլինեինք, ինչ 25 տարի առաջ»։