Վրաստանի հարցը կքննարկվի այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Վրաստանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Եվրամիության գերագույն ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։ Բանավեճի թեման է՝ «Ժողովրդավարական նահանջ և սպառնալիքներ քաղաքական բազմակարծությանը Վրաստանում»։

Եվրախորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ եվրախորհրդարանի պատգամավորները Ժոզեպ Բորելի հետ միասին կքննարկեն Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը՝ նախքան հինգշաբթի օրը նախատեսված այս հարցի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։

«Մինչ երկիրը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մտահոգություններ են առաջացել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գնալով ավտորիտար քաղաքականության առումով, հատկապես՝ կապված ԶԼՄ-ների ազատության և ԼԳԲՏՔ+ իրավունքների հետ: Չնայած 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ, կուսակցությունը բախվել է քննադատության՝ դեմոկրատական ցույցերը ճնշելու և ներմուծելու համար օրենք, որը արևմուտքի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին և ՀԿ-ներին անվանում է «օտարերկրյա գործակալներ»: Եթե «Վրացական երազանքը» զգալի մեծամասնություն ստանա գալիք ընտրություններում, մտավախություն կա, որ Վրաստանում բազմակուսակցական համակարգը և քաղաքական բազմակարծությունն ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն»,- ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։