Վրաստանի համար անհասկանալի ժամանակաշրջանում, երբ եվրաինտեգրման գործընթացը կասեցված է, և հայտնի չէ, թե ինչ կլինի ապագայում, Jnews-ը զրուցել է Թբիլիսիի Լիբերալ ակադեմիայի տնօրեն, մեդիափորձագետ Լաշա Տուղուշիի հետ։

Տուղուշիի խոսքով՝ Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացը Վրաստանի համար առաջնահերթ խնդիր է։ Սա պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ նաև հնարավորություն է երկրի համար արագացնելու բարեփոխումները, բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները։

«ԵՄ-ն Վրաստանի ամենամեծ ֆինանսական գործընկերն է, որը տրամադրում է ոչ միայն դրամաշնորհներ, այլ նաև նպատակային ռեսուրսներ՝ ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության զարգացմանը: Բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր՝ ճանապարհների, մանկապարտեզների, դպրոցների կառուցում, իրականացվում են եվրոպական միջոցների շնորհիվ։ Եվրոպական ինտեգրացիայի մերժումը կամ դանդաղումը կարող է հանգեցնել այդ ռեսուրսների կրճատմանը, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի զարգացման վրա»,- ասում է փորձագետը։

Նա նշում է, որ եվրոպական աջակցության ծրագրերը ներառում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանակում։ Վրացի երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու Եվրոպայի լավագույն համալսարաններում, ինչն օգնում է բարելավել նրանց հմտությունները և բարձրացնել երկրի մարդկային ռեսուրսների ներուժը։ Այս հնարավորությունների կորուստը կարող է արգելակել տնտեսության և կրթական համակարգի արդիականացումը։

«Պատմականորեն Վրաստանը միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս: Նրա մշակութային, կրոնական և քաղաքական ժառանգությունը դարեր շարունակ այն կապել է Եվրոպայի հետ: «Եվրոպական տուն» վերադառնալը ոչ միայն ռազմավարական ընտրություն է, այլև պատմական արդարության վերականգնում։ Վրաստանը և Հայաստանը հնագույն քրիստոնեական պետություններ են, որոնք խորը կապեր ունեն եվրոպական մշակույթի հետ, և Եվրամիությանն ինտեգրումն այդ ճանապարհի բնականոն շարունակությունն է»։

Հարցին, թե ի՞նչ կշահի Վրաստանը՝ դառնալով ԵՄ երկրներից մեկը, Տուղուշին պատասխանել է.

«ԵՄ երկրներն իրենց քաղաքացիներին ապահովում են բարձր կենսամակարդակ, որակյալ առողջապահություն և կրթություն, ինչպես նաև տալիս անձնական անվտանգության երաշխիքներ: Եվրոպական ինտեգրման օգտին ընտրությունը ոչ միայն ընտրություն է հօգուտ ժողովրդավարության, կայունության և անվտանգության, այլ նաև գիտակցված ընտրություն՝ հօգուտ ապագա սերունդների արժանապատիվ ապագայի։ Ընտրությունը դեպի Եվրոպան դա ընտրություն է հօգուտ ապագայի, որտեղ Վրաստանը կարող է զարգանալ որպես անկախ, ժողովրդավարական և բարգավաճ պետություն»:

Նյութի հեղինակներ՝
Բորիս Ղարսլյան
Անահիտ Զալալյան