Օգոստոսի 19-ից Հայաստանում ուժի մեջ են մտել անձնական օգտագործման ապրանքների նոր կարգավորումներ:
Կարգավորումները վերաբերում են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներին:
Այսինքն՝ այս կանոնները վերաբերում են նաև Վրաստանից Հայաստան մուտքին։
Այսպիսով, ըստ նոր կարգավորումների, Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ:
Նախկինում անձնական օգտագործման ապրանքները Հայաստանի Հանրապետություն կարող էին ներմուծվել ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով՝ առանց մաքսատուրքերի և հարկերի՝ մինչև 500 եվրոյին համարժեք գումարի չափով և (կամ) 25 կիլոգրամից ոչ ավելի։
Ընդգծենք, որ ըստ ՀՀ ՊԵԿ կայքէջի հաղորդագրության՝ այս կանոնները չեն տարածվում ներմուծվող անձնական օգտագործված ապրանքների չափաքանակի վրա։
Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։