Այսօրվա արագ տեմպերով, մրցունակ աշխատաշուկայում վաղաժամ գործնական փորձ ձեռք բերելն ավելի կարևոր է, քան երբևէ: Ուսանողների համար պրակտիկան առաջարկում է յուրահատուկ դարպաս՝ կամրջելու ակադեմիական գիտելիքների և իրական աշխարհի կիրառման միջև առկա բացը: Ստաժավորման ծրագրերը, որոնք առաջարկվում են ուսանողներին, ոչ միայն զինում են երիտասարդ մասնագետներին արժեքավոր հմտություններով, այլ նաև պատկերացում են տալիս նրանց ապագա կարիերայի մասին: Բայց թե ինչո՞վ է պայմանավորված հաջող ստաժավորումը, և ո՞րն է այս հնարավորությունն օգտագործելու ռազմավարությունը, մենք զրուցել ենք ուսանողների հետ:
Մեր զրուցակիցներից Էդիկ Քամալյանը Իլիայի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող է, այս պահին աշխատում է «AliqMedia»-ում որպես լրագրող: Էդիկն այն ակտիվ ուսանողներից է, ով մասնակցում է մի շարք ծրագրերի, իրեն փորձելով տարբեր ոլորտներում, կարևորում է նաև ստաժավորման ծրագրերը, որոնցից մեկին նաև ինքն է մասնակցել:
Էդիկը ստաժավորում է անցել MDF (Մեդիայի զարգացման ֆոնդ)-ի մեդիամոնիթորինգի վարչությունում, որտեղ նրա հիմնական աշխատանքը եղել է fact-checking-ը, նա հետևել է սոցիալական տարբեր հարթակներում տարածվող տեղեկություններին, կապված գենդերային, հակաարևմտյան, բռնության լեզվի և այլ նմանատիպ թեմաների հետ:
«Այդ ստաժավորման ժամանակ իմ մեդիագրագիտության մակարդակն ավելի բարձրացավ, սկսեցի ավելի լավ տարբերել տարբեր տեսակի կեղծ ինֆորմացիաները, տարբերել՝ սուտը ճշտից, սովորեցի նաև տարբեր համակարգերի միջոցով ստուգել նկարների կամ տեսահոլովակների ճշտությունը, այս ամենի իմացութունը կարծում եմ բոլորիս համար էլ շատ կարևոր է, քանզի բոլորս էլ օգտվում ենք սոցիալական հարթակներից, և ոչ ոք ապահովագրված չէ թիրախավորվելուց և կեղծ ինֆորմացիայի զոհ դառնալուց», – պատմում է Էդիկը:
Նա գոհ է իր անցած ստաժավորման ծրագրից, քանի որ, ըստ նրա՝ այդ մի քանի ամիսների փորձը օգնել է նրան ավելի խորը և կարևոր տեղեկությունների տիրապետել՝ օգտագործելով այն նաև պրակտիկայում: Էդիկի խոսքով, ուսանողների համար շատ կարևոր է նմանատիպ ծրագրերի մասնակցել, դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք ապագայում հաստատ կօգնեն աշխատանքում կայանալուն:
«Չնայած այս ամենին, պետք է նշեմ նաև, որ իմ կարծիքով ստաժավորումը պետք է լինի վճարովի, որպեսզի ուսանողներին որպես անվճար աշխատուժ չօգտագործեն։ Պետք է նրանց աշխատանքը համապատասխանաբար գնահատվի», – հավելում է Եդիկ Քամալյանը։
Այն հարցին, արդո՞ք ստաժավորման ծրագրերն օգնում են հետագայում ուսանողներին ավելի հեշտ աշխատանքի ընդունվել, Էդիկը պատասխանում է, որ ելնելով Վրաստանում առկա աշխատանքային խնդիրներից ոչ բոլորին է հաջողվում իր մասնագիտությամբ աշխատել, բայց ստաժավորում անցնելու դեպքում տվյալ անձն իր ոլորտում ավելի մրցունակ է դառնում:
ԹՊՀ-ի իրավագիտության բաժինն այս տարի ավարտած Արմինե Բոզոյանը, ով Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղից է, նույնպես կարծում է, որ ստաժավորման ծրագրերն առանձնակի կարևորություն ունեն ուսանողների համար։ Նրա համոզմամբ աշխատանքի մասին դեռ սկզբնական կուրսերից է անհրաժեշտ մտածել և ցանկալի է, որ ուսանողն իր մասնագիտական ոլորտում սկսի քայլեր անել, ուսումնասիրել աշխատաշուկան, չմոռանալ ոչ ֆորմալ կրթության մասին:
Արմինեն ավարտական կուրսում սովորող ուսանողներին խորհուրդ է տալիս մասնակցել հնարավորինս շատ ծրագրերի, փորձել իրենց տարբեր ոլորտներում, հավաքել փորձ։ Ոչ մի պարագայում միայն դասի տուն ռեժիմով չսահմանափակվել։