Ախալքալաքի մունիցիպալիտետից արտագաղթը շարունակվում է, տեմպերը կարող են շատ դանդաղել 20-րդ դարի 90-ականների համեմատ, սակայն գրեթե յուրաքանչյուր գյուղում գոնե մեկ ընտանիք պատրաստվում է լքել տունը և հեռանալ բարեկեցիկ կյանք փնտրելու համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա ընդամենը 13100 տնտեսություն։ Jnews-ի ուսումնասիրությունների համաձայն՝ մունիցիպալիտետի 64 գյուղերում շուրջ 2090 փակ դուռ կա։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս գյուղերի մոտ 176 ընտանիք ամբողջությամբ լքել է մունիցիպալիտետը։ Ամենից հաճախ երիտասարդները հեռանում են լավ կյանքի հետևից, դեպքերի մեծ մասում ծնողները նախընտրում են մնալ հայրենիքում: Մունիցիպալիտետի 8 գյուղերում 100-ից ավելի փակ դուռ կա. Օրինակ՝ Դիլիսկա և Խանդո գյուղերում մոտ 300 փակ դուռ կա։ Տուրցխ գյուղում մոտավորապես 280 փակ դուռ կա, իսկ Կուլիկամ գյուղում՝ 200։ Հարյուրից ավելի փակ դռներ կան նաև Բավրա, Բեժանո, Կորխ, Մաջադիա գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջին մեկ տարվա ընթացքում 19 գյուղերից գաղթած ընտանիքներ չեն եղել։ Մյուս գյուղերում վերջին մեկ տարվա ընթացքում ամենից հաճախ արտագաղթել է 1-ից 3 ընտանիք։
Ախալքալաքի մունիցիպալիտետում միգրացիան ունի իր առանձնահատկությունները: Բնակիչներից շատերը, հատկապես երիտասարդները, արտագաղթում են ավելի լավ տնտեսական հնարավորություններ փնտրելու համար, առավել հաճախ՝ Ռուսաստան կամ այլ երկրներ։
Կան չորս գործոններ, որոնք ազդում են միգրացիայի վրա.
• Ամենակարևորը տնտեսական գործոնն է, ցածր կենսամակարդակը և աշխատատեղերի բացակայությունը շրջանում հաճախ ստիպում են բնակիչներին աշխատանք փնտրել արտերկրում:
• Երկրորդ պատճառը կրթությունն է։ Երիտասարդները մեկնում են սովորելու ավելի մեծ քաղաքներում կամ արտասահմանում, ինչը հանգեցնում է բնակչության կրթված հատվածի արտահոսքի։
• Մեկ այլ պատճառ էլ քաղաքական անկայունությունն է։ Ինչպես դա եղել է, օրինակ, 90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն ժամանակ սկսված միգրացիոն գործընթացը շարունակվում է մինչ օրս։
• Այնուամենայնիվ, միգրացիայի հիմնական պատճառը սեզոնային աշխատանքներն են: Տղամարդը մեկնում է աշխատելու Ռուսաստանում կամ այլ երկրներում երկար ժամանակով (8 ամսից մինչև մեկ տարի) և աստիճանաբար որոշում է տեղափոխվել մի տեղ, որտեղ միշտ կարող է եկամուտ գտնել: Հայկական սփյուռքի հետ կան ամուր մշակութային և լեզվական կապեր, ինչը հեշտացնում է միգրանտների ինտեգրումը։ Հենց նման կապերն են սեզոնային միգրանտներին աշխատանքով ապահովում։
Ախալքալաքի բնակիչների միգրացիայի հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Հայաստանը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրները։
Այցելելով Ախալքալաքի բոլոր գյուղերը և բուն քաղաքում՝ կարելի է տեսնել փակ տներ, շատերը խարխուլ են, կիսաքանդ, բայց կան նաև կառուցված, նորաշեն, կահավորված տներ, ինչը ցույց է տալիս, որ տանտերերը վերջերս են թողել իրենց տունը և հեռացել։