Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժ գտնել» և ներողություն խնդրել օսեթ ժողովրդից 2008թ. պատերազմի համար։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթում Իվանիշվիլին «Ազգային շարժմանն» է մեղադրել ռուս-վրացական պատերազմի համար, ավելի վաղ էլ մեղադրանքի սլաքներն ուղղել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմ։

Այս հայտարարությունը լայն արձագանք է գտել սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում։ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն Իվանիշվիլիի հայտարարությունը «ամոթալի» է անվանել։

«Վրացական երազանքն այս հայտարարությամբ ծառայում է միայն Ռուսաստանի շահերին, խաթարում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և վնասում Վրաստանի ազգային շահերին»,- շեշտել է քաղաքական ուժը։

Նախկին իշխող կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիից ներողություն է պահանջել։