Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը կասեցրել է մունիցիպալիտետների համար նախատեսված Creative Compass Georgia (CCG) քառամյա նախագիծը։ Ծրագիրը ծառայում էր Վրաստանի շրջաններում մշակույթի և ստեղծագործական արդյունաբերության ամրապնդմանը։

Այդ մասին Netgazeti լրատվամիջոցին հայտնել են ԵՄ ներկայացուցչությունից, թեև այդ տեղեկությունն ի սկզբանե հայտնել էր Ծալենջիխայի քաղաքապետ Գիա Խարչիլավան՝ սեպտեմբերի 2-ին քաղաքապետարանի մոտ կայացած ճեպազրույցում։

«Արևմուտքի հետ հարաբերությունները ի՞նչ են մեզ տալիս կամ ի՞նչ են մեզանից տանում։ Քաղաքապետարանը դրամաշնորհ է ստացել, և այն պատճառով, որ կառավարությունը համառորեն ընդունել է «ռուսական օրենք»-ը, այս դրամաշնորհը դադարեցվել է»,- ասել է քաղաքապետը։

Ի դեպ, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունից հայտնել են, որ CCG-ն 4 տարվա նախագիծ է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը, այն իրականացվում է Վրաստանի Գյոթեի ինստիտուտի համաֆինանսավորմամբ։