
Ախալքալաքում Իլիա Ճավճավաձեի անվան հանրային դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Ցիսանա Շերգիլաշվիլին վերջերս է արժանացել լավագույն սկսնակ ուսուցչուհու կոչմանը: Մրցանակն անձամբ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն է փոխանցել։
Ցիսանա Շերգիլաշվիլին Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից հայտարարված տարրական կրթության ծրագրով, «Ուսուցիչների ճանաչման տարածաշրջանային մրցույթի» հաղթողներից է: Նա ճանաչվել է Սամցխե-Ջավախքում ընթերցանության (վրացերեն լեզու և գրականություն) լավագույն սկսնակ ուսուցիչ:
«Նախ և առաջ անցկացվեցին թրեյնինգները, որոնք մեր տարածաշրջանում Սամցխե-Ջավախքի պետական համալսարանն անցկացրեց, հետո ամբողջ Վրաստանի մասշտաբով հայտարարվեց «Ուսուցիչների ճանաչման տարածաշրջանային մրցույթը», որին մասնակցության հայտ ներկայացրեցի, քննարկեցին իմ թեկնածությունը, հետո արդեն հայտարարեցին, որ հաղթողներից մեկը ես եմ», — Jnews-ի հետ զրույցում ասում է Ցիսանա Շերգիլաշվիլին։
Վերջինս մեծ ոգևորությամբ է պատմում այդ օրվա ապրումների մասին: Լավագույն ուսուցիչ ճանաչվելու փաստը մեծ հպարտություն և երջանկություն է պարգևել նրան, կարծում է, որ նմանատիպ մրցույթները մեծ խթան են ուսուցիչների համար, բայց նախ և առաջ ուսուցիչն իր գործը պետք է կատարի հոգով և մեծագույն սիրով։
«Երբեք չեմ աշխատել նրա համար, որ ինչ-որ մեկն ինձ նկատի, իմ աշխատանքը կատարել եմ հաճույքով, և անչափ շնորհակալ եմ, որ գնահատել են իմ աշխատանքը», — ասում է Ցիսանա Շերգիլաշվիլին
Բացի ուսուցչի մասնագիտությունից նա նաև լրագրող է։ Լրագրողի մասնագիտությունը Ցիսաննան ոչ պակաս է սիրում, բայց առաջին անգամ մտնելով դասարան նա հասկացել է, որ հենց ուսուցչի մասնագիտությունն է իրենը։
«Ամենալավ բանը, որին ընդունակ է մարդը, դա գիտելիք տալն է մյուսներին, այնպիսի գիտելիք, որը կուղեկցի նրան ամբողջ կյանքի ընթացքում»:
«Ուսուցիչների ճանաչման տարածաշրջանային մրցույթում» Սամցխե-Ջավախքից ընդհանուր պարգևատրվել է վեց ուսուցիչ, այդ թվում երկուսը՝ Ախալքալաքի շրջանից։ Որոնցից է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղից Սիլվա Բերուջանյանը:
Երկու լավագույն ուսուցչուհի՝ Ախալքալաքի շրջանից
«Այն ուսուցիչը, ով չի սիրում երեխաներին, նա չի կարող դառնալ մանկավարժ»
Վարդուհի Կուրղինյան