«Ուսուցիչների ճանաչման տարածաշրջանային մրցույթի» հաղթողներից է Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Թադևոսյան-Մանասյանը: Նա ճանաչվել է հայերենի տարրական մակարդակի մաթեմատիկայի լավագույն ուսուցչուհի: Տիկին Սուսաննան առանց իր դպրոցի և աշակերտների իր կյանքը չի պատկերացնում, և՛ ներկան, և՛ ապագան տեսնում է Ախալցիխեում։
Սուսաննա Թադևոսյանը ծնվել է Ախալցիխե քաղաքում, սովորական աշխատավորի ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկայի ֆակուլտետը, և նույն թվականին ամուսնացել ու աշխատանքի է անցել։ Սկզբից աշխատել է պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունում։ Երեք տարի հետո իր հարազատ դպրոցում ազատ տեղ է բացվում և ընդունվում է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։
Սկզբում դասավանդել է միայն տարրական, սակայն հետո նաև բարձր դասարաններում:
«Առաջին երկու տարին աշխատել եմ տարրական դասարաններում, հետո արդեն երեխաներին հասցրել եմ մինչև 12-րդ դասարան և այդպես սկսեցի 5-ից 12-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդել։ 3 տարի եղել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հետո դպրոցի ուսումնական մասի վարիչ, այսինքն՝ փոխտնօրեն, հիմա զբաղվում եմ միայն մանկավարժությամբ», – ասում է առաջատար ուսուցիչը:
Սուսաննա Թադևոսյանը սիրում է իր բոլոր աշակերտներին, բոլորին յուրովի մոտեցում է ցուցաբերում։ Նրա համար չկա թույլ կամ չհասկացող երեխա։
«Ես միշտ իմ գործընկերներիս ասում եմ, որ չկա չհասկացող աշակերտ, չկա թույլ աշակերտ, ամեն աշակերտ ունի իր հնարավորությունը։ Մենք, որ անցնում ենք տարբերակված ուսուցում, ըստ հնարավորությունների, հետաքրքրությունների, դա ուսման պրոֆիլի համար է։ Այսինքն՝ պետք է գտնենք ամեն աշակերտի այդ կողմը, թե ինչ հետաքրքրություն ունի, ինչ հնարավորություն ունի, և ամենքին այդ ուղղությամբ գիտելիք տալ։ Չկա թույլ ու անկարող աշակերտ, պետք է ամեն ձևով աշխատել երեխային գիտելիք տալ», – հավելում է նա։
Թադևոսյանը ասում է նաև, թե ինչպիսին պետք է լինի առաջատար աշակերտը։
«Իմ պատկերացրած առաջատար աշակերտը, առաջի հերթին պետք է հասկանա, թե իրենց ինչ են պահանջում, ընդհանրապես պատրաստ լինի յուրաքանչյուր դասին, և, իհարկե չսահմանափակվի միայն դասագրքերով, այլ նա պետք է խորացնի իր գիտելիքները օգտվելով տարբեր աղբյուրներից»:
Վաստակաշատ ուսուցչի առաջնային նպատակն է՝ աշակերտներին հասցնել իրենց նպատակներին, որ ոչ մի բաց թեմա չթողնել, որպեսզի բոլոր աշակետրները հասկանան դասանյութը։
Ուշադիր ուսուցչուհին, խիստ մայրիկ է եղել, բայց հիմա շատ հոգատար տատիկ է, և միշտ պատրաստ թոռնիկներին օգնելու յուրաքանչյուր հարցում:
«Թոռներիս համար ամեն ինչ կանեմ, կօգնեմ ինչով կարող եմ: Աղջիկներիս համար խիստ մայրիկ եմ եղել, սակայն փոշմանել եմ, ես նրանց միշտ ասում էի, որ իմ օգնությանը չդիմեք, դուք ձեր ուժերով և ձեր հնարավորություններով հասեք ձեր ուզածին։ Նրանք միշտ հիշում են, որ անգամ, եթե հարևանի երեխան գիշերը գար մեր տուն, ֆիզիկայի խնդիրը թարգմանում, լուծում ուղարկում էի», – հիշում է տիկին Սուսաննան։
Սրտնեղում է՝ այսօրվա իրականությունում աշակերտները կտրված են ընթերցանությունից, ինչի պատճառով երեխան խորը և համապարփակ գիտելիք չի ստանում: Այդ պատճառով նա մտաածում է, որ կրթական ռեֆորմ է անհրաժեշտ:
Տիկին Սուսաննայի համար միշտ կարևոր է եղել այն, որ ինքը դասավանդի հենց հայկական դպրոցում։ Ուսուցչուհին կարևորում է, որ հայ երեխան հայկական դպրոց հաճախի, որովհետև երեխան նախ պետք է սովորի իր մայրենի լեզուն, այնուհետև՝ մյուս լեզուները:
«Ինձ համար շատ կարևոր է հայկական դպրոցում դասավանդելը, ես շատ եմ ուզում լինել մեր հայ ժողովրդի, հայ երեխաների կողքին, սովորեցնելով իրենց մայրենի լեզուն: Ես ամեն րոպե հիշեցնում եմ երեխաներին մեր պատմության այն էջերը, որոնք ես եմ ուզում, որ նրանք կյանքում չմոռանան»։
Վրացերեն լեզվի չիմացության խնդիր, ըստ տիկին Սուսաննայի Ախալցիխեի երիտասարդությունը չունի, քանի որ վարցալեզու հանրության հետ շփումը մշտական է։
«Իմ աշակերտությունը, կարող եմ ասել, որ 80%-ը տիրապետում է վրաց լեզվին։ Իհարկե, մի քիչ նշանակություն ունի նաև շրջապատը, մեր շրջապատում վրացիները շատ են: Համենայնդեպս նախարարության կողմից էլ շատ մեծ նշանակություն է տրվում մեր վրաց լեզվի ուսուցմանը։ Նախկինում մեր աշակերտների 50%-ը գնում էր Հայաստան սովորելու, հիմա կարող եմ ասել միայն 10%-ը»։
Սուսաննա Թադևոսյանը նկատել է, որ հայալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման, կարգավիճակ ստանալու համար միակ խնդիրը լեզվի չիմացությունն է:
«Ես, քանի որ շատ եմ շփվել մեր գյուղերի դպրոցների տնօրենների հետ, նկատել եմ, որ նրանց համար ավելի դժվար է մասնագիտական հմտությունների քննությունը։ Ցավոք, այդ քննությունը վրացերեն լեզվով է, և իրենց համար դժվար է լեզվի չիմացության պատճառով։ Սակայն, կա նաև դրական կողմ, որ առարկայական քննությունը հայերենով է, և հնարավորություն տրվեց բաց հարցերի պատասխանները հայերենով գրել։ Ինձ թվում է արդեն ահագին առաջընթաց կա: Այս տարվանից, եթե վրացական դպրոցների համար պրակտիկոս մանկավարժների համար քննություն հանձնելու վերջին հնարավորությունն է, ապա ոչ վրացական դպրոցների ուսուցիչների համար մինչև 2023 թվականն է»,- ասում է առաջատար ուսուցչուհին, Ախալցիխեի թիվ 3-րդ դպրոցից։
Սուսաննա Թադևոսյանը շատ ակտիվ է, և մասնակցում է համարյա բոլոր հայտարարված մրցույթներին։ Մասնակցում և ծանոթանում է բոլոր նոր մեթոդներին, որով էլ ավելի հետաքրքիր է դառնում ուսուցանումը։ Նա այնքան է հետաքրքրված եղել ժամանակակից մեթոդներով, որ առաջին անգամ դպրոցում 1998 թվականին ստեղծել է դպրոցի համակարգչային բազան։
2017 թվականին մասնակցել է Միլենիումի մրցույթին, որտեղ հաղթելով դարձել է թրեինինգավար։
Վերջին մրցույթին, որին մասնակցելով նույնպես հաղթել է՝ պարտադիր պայմաններ են եղել. դասերն անցկացնել ժամանակակից մեթոդներով և աշակերտակենտրոն դասավանդում իրականացնել, որոնք էլ Սուսաննայի համար շատ հոգեհարազատ են։ Իր պարապմունքների ժամանակ դասերը, կատարած ակտիվությունները, ժամանակակից ուսուցման մեթոդների օգտագործման ձևերը տեսագրել և ուղարկել է: Իր աշակերտներին առաջադրանք է հանձնարարել, որ տանը մի մեծ հողամաս վերածեն փոքր մարկերի, ամեն մի մարկի մակերեսը որոշեն, մտածեն և այլն: Աշակերտներին օգնել են նաև ծնողները, որը նույնպես նկարահանվել է: Մրցույթի ժամանակ ժյուրին հաշվի է առել ամեն մի դետալ:
«Եվ նաև կար մի կարևոր պայման՝ արտեֆակտի ստեղծում: Այսինքն՝ ստեղծել աշակերտակենտրոն ուսուցման արտեֆակտ, որը կօգնի երեխաներին տարբերակված ուսուցման համար: Օրինակ. ես ստեղծել էի 7 գույնանի ծաղիկ, որը երեխաները հոլի նման ֆռացնում էին, որ առաջադրանքը նրանց դեմը կանգներ, այդ առաջադրանքի վրա էլ աշխատում էին»։
Մրցույթի մասնակիցները շատ են եղել, ժյուրիին հեշտ չի եղել ընտրություն կատարել, օրինակ՝ տարրական դասարանի մայրենի լեզվի մասի մասնակիցներին չէին կարողացել ընտրել մեկին, և երկու նոմինանտի են պարգևատրել։
«Ինձ համար մանկավարժությունը ամեն ինչ է, որովհետև ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց մանկավարժության և առանց երեխաների, առանց իմ աշակերտների, նրանք հետ ես երիտասարդանում եմ», – ուրախությամբ նշում է ուսուցչուհին։
Սուսաննան արդեն երկու տարի է առաջատար ուսուցչուհի է։
Վաստակավոր ուսուցչուհին սկսնակներին խորհուրդ է տալիս՝ աշակերտակենտրոն ուսուցում վարել, անընդհատ աշխատել, ինքնազարգանալ, և, իհարկե սիրել երեխաներին։
«Այն ուսուցիչը, ով չի սիրում երեխաներին, նա չի կարող դառնալ մանկավարժ»:
Գայանե Ակոջյան