Այս ամռանը աղիքային վարակները նախորդ տարիների համեմատ ավելի լուրջ խնդիր են դարձել։ Այս տարի հաճախ է հանդիպում նաև սալմոնելոզը։
Կարևոր և մտահոգիչ ախտանշանները, որոնց դեպքում բժշկական օգնությունն անհրաժեշտ է, հետևյալն են՝ արյունոտ կղանք, չափազանց ուժեղ քնկոտություն, գիտակցության մթագնում կամ փոփոխություն, չդադարող բարձր ջերմություն, որը չի արձագանքում սովորական ջերմիջեցնող դեղամիջոցներին, ինչպես նաև որովայնի ուժեղ, նոպայաձև ցավ։ Մնացած դեպքերում փորլուծությունը կարող է ինքնուրույն անցնել՝ առանց բժշկական միջամտության կամ դեղորայքի կիրառման։ Այս մասին սոցցանցում գրում է վարակաբան Մայա Բուցաշվիլին։
«Չի կարելի ինքնուրույն սկսել հակաբիոտիկներով բուժում (դա դժվարացնում է ախտորոշումը և երբեմն կարող է նաև սրել փորլուծային հիվանդությունը)։
Ինֆուզիոն թերապիայի անհրաժեշտություն չկա, եթե հիվանդը բավարար քանակությամբ հեղուկ է ընդունում։ Ինֆուզիան հեղուկի միանվագ լրացում է և կիրառվում է շտապ դեպքերում, երբ հիվանդը չի կարող հեղուկ ընդունել կամ նրա մոտ առկա են ջրազրկման ախտանշաններ։ Դա չի վերացնում հեղուկ օգտագործելու անհրաժեշտությունը․ հիվանդը պետք է շարունակի հեղուկ խմել օրվա ընթացքում և ինֆուզիայից հետո։
Կարիք չկա մեծ քանակությամբ պրոբիոտիկներ, «ստամոքսի համար նախատեսված դեղամիջոցներ» և տարբեր, ոչ հստակ ցուցումներով դեղեր ընդունել, որոնք հիվանդները հաճախ օգտագործում են միաժամանակ կամ անկանոն՝ մեկը մյուսի հետևից։ Դեղերի նման մեծ քանակով նրանք ավելի են ծանրաբեռնում արդեն իսկ բորբոքված մարսողական համակարգը։
«Իսկ ընդհանրապես որևէ դեղորայք պետք չէ՞»։ Շատ դեպքերում՝ ոչ, և ախտանշանները միևնույն է կանցնեն։ Սակայն սովորաբար արդյունքը վերագրում են որևէ դեղամիջոցի կամ ինֆուզիայի և կարծում են, որ հենց դա է «օգնել»։
Կարևոր և մտահոգիչ ախտանշանները, որոնց դեպքում բժշկական օգնությունն անհրաժեշտ է, հետևյալն են՝ արյունոտ կղանք, չափազանց ուժեղ քնկոտություն, գիտակցության մթագնում կամ փոփոխություն, չդադարող բարձր ջերմություն, որը չի արձագանքում սովորական ջերմիջեցնող դեղամիջոցներին, ինչպես նաև որովայնի ուժեղ, նոպայաձև ցավ։
Միայն այն փաստը, որ հիվանդը ջերմություն, փսխում կամ փորլուծություն ունի, դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել կամ հոսպիտալացնել նրան (հատկապես եթե հիվանդը առողջ երիտասարդ է), թեև սա շատ տարածված սցենար է։
Բացառություն են կազմում կրծքի երեխաները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց դեպքում հոսպիտալացումը իսկապես հաճախ կարող է անհրաժեշտ լինել», — գրում է Բուցաշվիլին։

