նորություններ • 1 Հոկտեմբերի, 2026 • Ախալքալաքում թիվ 16 մանկապարտեզի բացումը կրկին հետաձգվում է

Ախալքալաքի նոր՝ թիվ 16 մանկապարտեզը, որը շահագործման է հանձնվել դեռևս 2025 թվականին, մինչ օրս երեխաներ չի ընդունում, չնայած այն հանգամանքին, որ քաղաքում գործող մանկապարտեզներ չկան։ Հաստատության բացումը մի քանի անգամ հետաձգվել է կահույքի և սարքավորումների մատակարարման ուշացման պատճառով։ Չնայած անհրաժեշտ ապրանքների մի մասն արդեն ստացվել է, խոհանոցային սարքավորումները, սեղաններն ու աթոռները դեռևս չեն բերվել։ Մանկապարտեզների միավորումում հույս ունեն մինչև հոկտեմբերի 10-ը մանկապարտեզը բացել, եթե անհրաժեշտ կահույքը մինչև հոկտեմբերի 1-ը ստանան։

Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի հարևանությամբ գտնվող նոր՝ թիվ 16 մանկապարտեզի բացումը կահույքի և սարքավորումների ուշացումով ստանալու պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

Նոր մանկապարտեզը, որին արդեն շնորհվել է թիվ 16 համարը, շահագործման է հանձնվել 2025 թվականին։ Չնայած այն հանգամանքին, որ ներկայում քաղաքում գործող նախադպրոցական հաստատություններ չկան, և բազմաթիվ ծնողներ վաղուց սպասում են դրա բացմանը, որպեսզի մանկապարտեզ ուղարկեն իրենց երեխաներին, մանկապարտեզը մինչ օրս չի սկսել աշխատանքը։ Պատճառը մնում է անհրաժեշտ կահույքի և սարքավորումների բացակայությունը, որոնք պետք է տրամադրեր Մունիցիպալ զարգացման հիմնադրամը (MDF)։

Վերջին տեղեկությունների համաձայն, կահույքն ու սարքավորումներն քիչ քիչ ստանում են։ Սակայն, խոհանոցային պարագաների հիմնական մասը, ինչպես նաև սեղաններն ու աթոռները դեռևս չեն բերվել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի խոսքով, կահույքն ու սարքավորումները նախատեսում էին ստանալ մինչև սեպտեմբերի 15-ը՝ ակնկալելով մանկապարտեզը բացել հոկտեմբերի 1-ին։ Սակայն մատակարարումները կատարվել են աստիճանաբար, իսկ անհրաժեշտ սարքավորումների մի մասը դեռևս բացակայում է։

«Ապրանքները քիչ-քիչ են բերվում։ Հենց խոհանոցային պարագաները, սեղաններն ու աթոռները ստանանք, կբացվենք։ Թեև դեռևս որոշ ապրանքներ պակասում են, չնայած դրանցից մի քանիսը մենք ձեռք ենք բերել խնայված միջոցների հաշվին։ Սպասում էինք մինչև սեպտեմբերի 15-ը և մտածում էինք, որ հոկտեմբերի 1-ին կբացվենք։ Եթե մինչև հոկտեմբերի 1-ը կահույքը ստանանք, ապա մինչև հոկտեմբերի 10-ը կբացվենք», – ասում է Անահիտ Ասատրյանը։

Նրա խոսքով, ներկայում Ախալքալաքի նախադպրոցական տարիքի երեխաներին այլևս գյուղական մանկապարտեզներ չեն տեղափոխում։

«Եթե նույնիսկ նոր մանկապարտեզի բացումը մեկ ամսով հետաձգվի, ես չեմ կարող քաղաքի երեխաներին գյուղական մանկապարտեզներ տանել։ Իմ հաշվարկը մինչև սեպտեմբերի 15-ն էր, և փոխադրողի հետ պայմանագիրը նույնպես մինչև սեպտեմբերի 15-ն էինք կազմել», – նշում է Անահիտ Ասատրյանը։

Կահույքի մատակարարմամբ զբաղվում է այն ընկերությունը, որը Վրաստանի բազմաթիվ մանկապարտեզների համար կահույքի և տարբեր պարագաների ձեռքբերման համախմբված մրցույթում հաղթող է ճանաչվել։ Ընկերության կողմից մատակարարումն իրականացնելու վերջնաժամկետը մինչև տարեվերջ է։

Մանկապարտեզների միավորումում հույս ունեն, որ մնացած կահույքն ու սարքավորումները շուտով կստանան, որպեսզի հաստատությունը բացվի և ընդունի երեխաներին։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Ախալքալաքում բոլոր մանկապարտեզները միաժամանակ փակվեցին վերանորոգման նպատակով։ Այդ ընթացքում աշխատող ծնողների երեխաներին մունիցիպալիտետը տեղափոխում էր գյուղական մանկապարտեզներ, հոգալով ոչ միայն երեխաների, այլև դաստիարակների և մյուս աշխատակիցների տեղափոխման ծախսերը։

2025 թվականին նոր մանկապարտեզը, վերջապես, շահագործման հանձնվեց։ Ծնողները հույս ունեին, որ դրա բացումից հետո այլևս ստիպված չեն լինի երեխաներին գյուղական մանկապարտեզներ ուղարկել։ Բացմանն էին սպասում նաև նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող այլ ընտանիքներ, որոնք, գյուղական հաստատություններում սահմանափակ տեղերի պատճառով, զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Սակայն այդ սպասումները դեռևս չեն արդարացել։

Հատկանշական է, որ թիվ 16 նոր մանկապարտեզի շահագործման հանձնումն նույնպես կատարվեց ուշացումով։ Աշխատանքները չէին իրականացվել անհրաժեշտ պահանջներին համապատասխան, ինչի պատճառով ընդունող հանձնաժողովը մի քանի անգամ հետաձգեց օբյեկտի ընդունումը և պահանջեց վերացնել բացահայտված թերությունները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տրամադրած տեղեկությունների համաձայն, այս տարի նախադպրոցական կրթություն ստանալու համար ներկայացվել է 312 դիմում։ Դրանցից 78-ը ներկայացրել են քաղաքի, իսկ 234-ը՝ գյուղերի բնակիչները։

Անահիտ Ասատրյանը նշում է, որ սկզբում քաղաքի մանկապարտեզներում նախատեսվում էր ընդունել 50 երեխա, սակայն արդյունքում ընդունվել է 78 դիմում։ Նրա խոսքով, դեռ դիմումներ շարունակում են ստանալ, սակայն ազատ տեղերի բացակայության պատճառով նոր դիմումներն այլևս չեն ընդունվում։

Նոր մանկապարտեզում, Մանկապարտեզների միավորումը նախատեսում է բացել չորս խումբ՝ մեկ վրացալեզու և երեք հայալեզու։ Խմբերից մեկը նախատեսված կլինի փոքր տարիքի երեխաների համար և հնարավորություն կունենա ցերեկային քնի կազմակերպման համար։

Միևնույն ժամանակ, կահույք և սարքավորումներ են մատակարարվում նաև Կորխ գյուղի մանկապարտեզի համար։ Նախնական տվյալներով, այնտեղ կհաճախի տարբեր տարիքի շուրջ 40 երեխա։

novi det sad

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝