Մասնագիտական կրթության ծրագրերի գրանցումը մասնագիտական կրթության պորտալում՝ vet.ge-ում, բաց է և կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։ Այս մասին հայտնում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը։ Սակայն Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի մասնագիտական կրթության և որակավորման բարձրացման ծրագրերի կառավարման բաժնից հայտնում են, որ ո՛չ Ախալքալաքում, ո՛չ Ախալցիխեում ազատ տեղեր չկան։ Այստեղ ուսումնական գործընթացը կսկսվի արդեն հոկտեմբերի 1-ից։
Vet.ge-ի տվյալներով՝ 2026 թվականի աշնանային ընդունելության շրջանակում հայտարարվել է մասնագիտական կրթության 568 ծրագրի ընդունելություն, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթության 37 ծրագիր, որոնք ներառում են ամբողջական ընդհանուր կրթության միջին մակարդակին համապատասխան ուսումնառության արդյունքներ։ 80 մասնագիտական կրթական հաստատություններում տեղերի ընդհանուր թիվը կազմում է 21 372։ Մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն կա նաև Ախալքալաքում և մոտակա Ախալցիխե քաղաքում։
«Համալսարանում ունենք առանձին կառուցվածք՝ բաժին, որը կառավարում է մասնագիտական կրթության ոլորտի հարցերը։ Ախալցիխեում ունենք երեք ծրագիր։ Դրանցից մեկը բոլորովին նոր է, իսկ երկու ծրագրերն արդեն բավական հաջող են գործում։ Հին ծրագրերն են՝ բուժքույրական գործը և հաշվապահական գործը։ Իսկ երրորդ՝ բոլորովին նոր ծրագիրը դեղագործությունն է։ Այսինքն՝ պատրաստում ենք դեղագործներ։
Ինչ վերաբերում է Ախալքալաքին, այստեղ կա հաշվապահական գործ, համակարգչային ցանցեր և համակարգեր, ինչպես նաև պատրաստում ենք էլեկտրագործներ։ Մենք նաև նոր ծրագրեր ենք պատրաստում, սակայն դրանք դեռևս չեն անցել լիազորման գործընթացը»,– ասում է համալսարանի պրոռեկտոր, մասնագիտական կրթության և որակավորման բարձրացման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մակա Բերիձեն։
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունն անցկացվում է երեք փուլով։ Այս փուլում ընդունելությունն իրականացվում է այն ուսումնական հաստատություններում, որտեղ թափուր տեղեր են մնացել։ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին կից ուսումնարանում ուսանողների ընդունելությունն արդեն ավարտվել է, ուստի այն լրացուցիչ ընդունելության փուլին չի մասնակցում։
«Մեզ մոտ եղած բոլոր տեղերը լրացրել ենք։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրում ընդունել ենք 40 ուսանող, հաշվապահության ծրագրում՝ 20 ուսանող։ Դեռ շարունակվում է մաքսային գործի ուսուցումը, որը դեռևս ավարտված չէ, իսկ 14 ուսանող սովորում է էլեկտրագործի մասնագիտությամբ»,– ասում է նա։



