նորություններ • • 30 Սեպտեմբերի, 2026 • Վարկերի տրամադրման պայմանները խստացվում են

2027 թվականի փետրվարի 1-ից քաղաքացիներին վարկերի տրամադրման պայմանները խստացվում են։ Խոսքը գործակիցների համակարգի մասին է, որը ենթադրում է վարկի սպասարկման ամսական վճարի սահմանաչափի սահմանում։

Գործող նորմով այն քաղաքացիների համար, ովքեր ամսական 1 500 լարիից պակաս եկամուտ ունեն, վարկի սպասարկման առավելագույն գործակիցը չպետք է գերազանցի 25 տոկոսը, այսինքն՝ 375 լարին։ 1 500 լարիից բարձր եկամուտ ունեցող անձանց համար վարկի սպասարկման թույլատրելի ամսական առավելագույն սահմանաչափը եկամտի 50 տոկոսն է, այսինքն՝ 750 լարին, իսկ նոր նորմով, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից, վարկ վերցնելու 25 տոկոսանոց շեմը 1 500-ի փոխարեն կլինի 2 000 լարի, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանա մինչև 2 500 լարի։

Ինչպես նշված է Ֆինանսական կայունության կոմիտեի որոշման մեջ, վարկի սպասարկման գործակցի սահմանաչափերի նախնական գնահատումը հիմնված էր 2017 թվականի վիճակագրական տվյալների վրա, որը 2022 թվականին թարմացվել էր մի շարք տնտեսական անվանական ցուցանիշների աճի ֆոնին։ Այժմ կոմիտեն վերանայել և թարմացրել է գործակցի սահմանաչափերը։ Ինչպես պարզաբանում են Ազգային բանկում, նշված փոփոխությունը կնպաստի վարկառուների չափազանց պարտքավորվածության ռիսկերի մեղմմանը և ֆինանսական համակարգի կայունությանը։

«Ֆինանսական կայունության կոմիտեն որոշում է կայացրել վարկի սպասարկման գործակցի սահմանաչափերի հերթական վերաճշգրտման (ռեկալիբրացիայի) մասին։ Վարկի սպասարկման գործակցի սահմանաչափերի նախնական գնահատումը հիմնված էր 2017 թվականի վիճակագրական տվյալների վրա, որը 2022 թվականին թարմացվել էր մի շարք տնտեսական անվանական ցուցանիշների աճի ֆոնին։ Ընթացիկ փուլում նորից առաջացավ նշված գործակցի սահմանաչափերի վերաճշգրտման անհրաժեշտություն։ Վերջին տարիներին բարձր տնտեսական աճին զուգահեռ էապես աճել են աշխատավարձերն ու այլ անվանական ցուցանիշները, ինչի հետևանքով առկա ֆիքսված սահմանաչափերը պատշաճ կերպով այլևս չեն արտացոլում վարկառուների եկամուտների ընթացիկ բաշխումն ու պարտքային բեռը։ PTI-ի սահմանաչափերն անփոփոխ պահպանելու դեպքում վարկառուների անցումը եկամտի մեկ կատեգորիայից մյուսին կարող է հիմնականում պայմանավորված լինել անվանական եկամուտների աճով, այլ ոչ թե նրանց իրական վճարունակության կամ ռիսկայնության պրոֆիլի էական փոփոխությամբ։

Հետևաբար, սահմանաչափերի թարմացումը նպատակ ունի PTI շրջանակը համապատասխանեցնել ընթացիկ տնտեսական միջավայրին և պահպանել մակրոպրուդենցիալ քաղաքականության նախնական դիրքորոշումը։

Այսպիսով, կոմիտեն նպատակահարմար է համարել նշված մակրոպրուդենցիալ գործիքի վերաճշգրտումը։ Միևնույն ժամանակ, նշված փոփոխության կտրուկ միանվագ ազդեցությունից խուսափելու և էֆեկտը ժամանակի մեջ բաշխելու նպատակով, կոմիտեի որոշմամբ, վարկի սպասարկման գործակցի սահմանաչափը կբարձրանա աստիճանաբար։ Մասնավորապես, եթե մինչ այժմ վարկի սպասարկման գործակցի 25% պահանջը տարածվում էր մինչև 1500 լարի եկամուտ ունեցող անձանց վրա, ապա այս սահմանաչափը 2027 թվականի փետրվարի 1-ից կբարձրանա մինչև 2000 լարի, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ մինչև 2 500 լարի։ Նշված փոփոխությունը նպաստում է վարկառուների չափազանց պարտքավորվածության ռիսկերի մեղմմանը և ֆինանսական համակարգի կայունությանը», – նշված է Ազգային բանկի ֆինանսական կայունության կոմիտեի հրապարակած զեկույցում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝