Վրաստանի կառավարությունը առաջին դասարանցիների համար հաստատել է բնապահպանական նոր պետական ծրագիր՝ «Իմ առաջին տնկին»։
Ծրագրի շրջանակում Վրաստանի ամբողջ տարածքում առաջին դասարանցիները ծառեր են տնկելու և խնամելու դրանք։ Նախաձեռնության մեկնարկի մասին կարգադրությունը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ծրագրին կմասնակցեն սեպտեմբերի 15-ի դրությամբ առաջին դասարաններում գրանցված բոլոր երեխաները։ Կառավարության որոշմամբ՝ ծրագրի հիմնական նպատակներն են անտառների և կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը նպաստելը, կենսաբազմազանության պաշտպանությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նվազեցման գործընթացում հասարակության ներգրավվածության բարձրացումը։
Նախագիծը նախատեսում է կառավարության և տեղական իշխանությունների միջև միջգերատեսչական համագործակցություն։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է լինելու տարածաշրջանների կլիմայական գոտիներին համապատասխան տնկիների ընտրության, դրանց ձեռքբերման և լոգիստիկայի համար։ Ֆինանսավորումը հատկացվելու է հատուկ բնապահպանական հիմնադրամից։
Կրթության նախարարությունը պետք է կազմակերպի դպրոցականների անվտանգ տեղափոխումը ծառատունկի վայրեր։ Իսկ մունիցիպալիտետները պարտավոր են հատկացնել կանաչապատման համար նախատեսված տարածքներ և ստանձնել տնկված ծառերի համակարգված խնամքը։
Ծրագիրը երկարաժամկետ բնույթ է կրում․ դպրոցականները ոչ միայն տնկիներ են տնկելու, այլև պարբերաբար հետևելու են դրանց աճին։



