Նոր 2026-2027 ուսումնական տարվանից Վրաստանի դպրոցներում աշակերտների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակվել է։ Նոր կարգի համաձայն՝ դասերի ընթացքում երեխաները չեն կարող օգտագործել իրենց հեռախոսները․ դրանք պետք է պահվեն դասասենյակներում տեղադրված հատուկ արկղերում և վերադարձվեն դասերի ավարտից հետո։ Jnews-ը ծնողներից հետաքրքրվեց նոր կարգի վերաբերյալ նրանց կարծիքով:
Ախալքալաքի շատ դպրոցների դասասենյակներում արդեն տեղադրվել են հատուկ արկղեր, որոնց մեջ պետք է տեղադրվեն աշակերտների և ուսուցիչների հեռախոսները: Դասերի ընթացքում ուսուցիչներն իրենց հեռախոսները նույնպես պետք է տեղադրեն հատուկ արկղերում՝ աշակերտների համար անձնական օրինակ ծառայելով։
Կրթական համակարգում այս փոփոխությունը ներկայացվում է որպես ուսումնական գործընթացում ուշադրության կենտրոնացումը բարձրացնելու և դասապրոցեսից հեռախոսների պատճառով առաջացող շեղումները նվազեցնելու միջոց։
Արդյո՞ք հեռախոսների արգելքը կօգնի երեխաներին ավելի կենտրոնացած լինել դասերի ընթացքում, թե՞ այն կարող է որոշակի անհարմարություններ ստեղծել աշակերտների և ծնողների համար։ Ինչպե՞ս են ծնողները վերաբերվում նոր կանոնին և արդյո՞ք այն համարում են անհրաժեշտ։ Jnews-ը զրուցել է աշակերտների ծնողների հետ։
«Երեխաս Ախալքալաքի թիվ 4 դպրոցն է հաճախում Բավրա գյուղից։ Ստիպված եմ տղայիս մոտ հեռախոս տալ, որպեսզի կապ ունենամ հետը, սակայն միշտ անհանգիստ եմ, որ, միգուցե, չարաշահում է հեռախոսի օգտագործումը դասերի ընթացքում։ Այս նոր օրենքը հենց իմ սրտով է։ Ապահով կլինեմ, որ դասերի ավարտից հետո երեխայիս հետ կապի միջոց կունենամ, միևնույն ժամամակ վստահ կլինեմ, որ երեխայիս ուշադրությունը հեռախոսի պատճառով չի շեղվի»,- ասաց Աքսաննա Սերոբյանը։
«Երկու երեխա ունեմ, աղջիկս իր հետ հեռախոս տանում էր դպրոց, սակայն տղայիս չէի թույլատրում։ Բայց տղայիս համադասարանցիները բերում էին և սա ամենօրյա բողոքի թեմա էր դարձել մեր տանը։ Ուրախ եմ, որ այսուհետ ոչ մի երեխա դպրոցում՝ դասերի ժամանակ, հեռախոս չի օգտագործի», — ասաց թիվ 4 դպրոցի ծնող Գոհար Ունանյանը։
«Աղջիկներս թիվ 1 դպրոց են հաճախում, պետք է ասեմ, որ մինչև նոր օրենքի ընդունելն էլ մեր դասղեկը հավաքում էր երեխաների հեռախոսները, տանում էր ուսուցչանոց և միայն դասերից հետո էր վերադարձնում։ Ինձ այս փաստը շատ էր ուրախացնում, իսկ հիմա ավելի ուրախ եմ, որ այս օրենքը համընդհանուր է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Էլիզա Չիվչյանը։
«Միանշանակ կողմ եմ, որ հեռախոսը խանգարում է դասերի ժամանակ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք անհանգստացնում են ինձ։ Շատ կարևոր է, որ այս ամենին զուգահեռ ճիշտ և ճկուն կազմակերպվի նաև ծնող-դասղեկ կապը, որպեսզի երեխայի մասին ինֆորմացիան շատ արագ հասնի ծնողին։ Անցած տարի մեզ հետ մի միջադեպ եղավ, երբ երեխաները դպրոցում կռվել էին, տղաս վնասվել էր, և ես այդ ամենի մասին իմացել եմ միայն դասերից հետո, բայց ավելի ճիշտ կլիներ, եթե հենց սկզբից իմանայի այդ մասին։ Եթե այս ամենը ճիշտ կազմակերպվի, ես միայն կողմ եմ, որ երեխաները դասերին մասնակցեն առանց հեռախոսների», — ասաց թիվ 1 դպրոցի ծնող Աստղիկ Խանջյանը։
«Աղջիկս 6-րդ դասարանում է սովորում, մինչև հիմա թույլ չեմ տվել հետը հեռախոս տանի, բայց տղաս 12-րդ դասարան է արդեն և ինձ համար դեռևս բարդ է պատկերացնել, որ 12-րդ դասարանում հնարավոր կլինի երեխաներին կտրել հեռախոսից։ Միանշանակ կողմ եմ և շատ ուրախ կլինեմ»,- ասաց թիվ 4 դպրոցի ծնող Գայանե Ալվանյանը։
Jnews-ի հետ զրույցում ծնողների մեծ մասը, փաստորեն, միակարծիք էր․ նրանք դրական են վերաբերվում նոր սահմանափակմանը և կարծում են, որ երեխաները դասերի ընթացքում պետք է լինեն առանց հեռախոսի, բայց նաև նշում են երեխայի հետ դասղեկի միջոցով կապի ապահովման անհրաժեշտության մասին։



