նորություններ 25 Օգոստոսի, 2026 • Ուստարվա մեկնարկին առաջին դասարանցիները նվերներ են ստացել քաղաքապետարանից

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներն այցելել են դպրոցներ։ Նրանք հանդիպել են ապագա առաջին դասարանցիների հետ և երեխաներին նվիրել Գոչա Տքեշելաշվիլիի հեղինակած «Առաջին դասարանցիների ակադեմիա» գիրք-տետրը։

Գիրքը նախատեսված է, որպեսզի երեխաները ինքնուրույն սովորեն վրացական այբուբենը։ Այն օգնում է ապագա առաջին դասարանցիներին խաղերի և հետաքրքիր առաջադրանքների միջոցով ծանոթանալ վրացերեն տառերին։

Ավելի վաղ Ախալքալաքի սակրեբուլոյի նիստի ժամանակ քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ծառայությունն առաջարկել էր մունիցիպալ բյուջեից 14 550 լարի հատկացնել գրքերի ձեռքբերման համար։ Սակրեբուլոն հաստատել էր անհրաժեշտ գումարի հատկացումը։

Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկության համաձայն՝ գրքերը գնվել են այս տարի առաջին անգամ դպրոց հաճախող 582 առաջին դասարանցիների համար։ Այսինքն՝ մեկ գիրք-տետրի արժեքը կազմել է 25 լարի։

Նախաձեռնության նպատակն է, որպեսզի երեխաները մինչև ուսումնական տարվա մեկնարկը կարողանան ինքնուրույն ծանոթանալ վրացական այբուբենին և պատրաստվել դպրոց գնալուն։

Նշենք, որ «Առաջին դասարանցիների ակադեմիա» գիրքը նախկինում ևս բաժանվել է Վրաստանի այլ մունիցիպալիտետներում։ Etaloni.ge-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2022 թվականին Թելավիի մունիցիպալիտետում ավելի քան 800 առաջին դասարանցի նախադպրոցական հաստատություններում անվճար ստացել է այս գիրքը։

Դմանիսիի մունիցիպալիտետում գիրքը հրատարակվել էր վրացերեն-ադրբեջաներեն տարբերակով, որպեսզի երեխաների համար ավելի հեշտ լինի վրացերեն սովորելը։ Այն նույնպես անվճար բաժանվել էր ապագա առաջին դասարանցիներին՝ ամառային արձակուրդներից առաջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝