նորություններ 28 Օգոստոսի, 2026 • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվն ավելանում է

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 469-ի, վիրավորվել է 1 545 մարդ։ Տարերքի հետևանքով ավելի քան 1 300 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Որոնողափրկարարական գործողությունը մինչ օրս ընթանում է։

Անհետ կորածների թվում ամենաշատը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Հնդկաստանի իշխանությունների տեղեկատվությամբ՝ Նեպալում առնվազն Հնդկաստանի 288 քաղաքացու գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Բացի այդ, մոտ 200 մարդ մնացել է Չինաստանի տարածքում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ Նեպալում անհետ կորած է համարվում Չինաստանի 100 քաղաքացի։

Անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկություններ են տարածել նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Մալայզիան, Ավստրալիան, Կանադան, Ուկրաինան, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Գերմանիան, Լատվիան, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան և Նոր Զելանդիան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զրուցել է Նեպալի ղեկավարների հետ և երկրին օգնություն առաջարկել։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը ջրհեղեղն անվանել է «սարսափելի տեսարան» և նշել, որ տարերքը «ամուր, լավ կառուցված շենքեր նույնպես ոչնչացրել է»։ Թրամփի խոսքով՝ ջրհեղեղից տուժած տարածքներում գտնվել է մոտ 50-60 ամերիկացի, սակայն նրանց ամբողջական հաշվառումը դեռ չի ավարտվել։

ԱՄՆ պետդեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Նեպալում և Տիբեթում այս պահին ԱՄՆ 90 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացիների զոհվելու մասին տեղեկություն չեն ստացել։

Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հաստատել է, որ տուժած բնակչությանն օգնելու համար կհատկացնի 500 000 դոլար։ Գումարը կուղղվի արտակարգ ապաստարանների, ջրի, սանիտարական և հիգիենիկ միջոցների ապահովմանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝