Կրթական ոլորտում իրականացվող փոփոխությունների արդյունքում տարբեր համալսարանում մի շարք բաժիններ այլևս չեն լինելու։ Փոփոխությունների մասին մտահոգված են նաև այն ուսանողները, որոնք արդեն սկսել էին կրթությունը նախապատրաստական ծրագրում և նախատեսում էին շարունակել ուսումը հենց այդ մասնագիտություններով։ Նրանց խոսքով՝ բաժինների կրճատման մասին տեղեկությունը պետք է հասանելի լիներ ավելի վաղ, որպեսզի դիմորդներն ու ուսանողները կարողանային ժամանակին պլանավորել իրենց կրթական ուղին։
Գոհար Քուրդօղլյանը ԹՊՀ-ի ուսանող է, մինչև նախապատրաստական կուրսի առաջին կիսամյակի ավարտն արդեն որոշել էր, որ հետագայում ընտրելու է հոգեբանության ուղղությունը։ Սակայն երկրորդ կիսամյակի սկզբում կրթական ոլորտում իրականացվող փոփոխությունների արդյունքում տեղեկացել է, որ հոգեբանության ուղղությունն այլևս չի լինելու Թբիլիսիի պետական համալսարանում։
Սկզբնական շրջանում Գոհարը մտածում էր, որ փոփոխությունները կարող են վերաբերել միայն այն դիմորդներին, որոնք համալսարան կընդունվեն իրենցից հետո։ Հետագայում, սակայն, պարզվել է, որ դրանք վերաբերում են նաև արդեն սովորողներին։
«Սկզբնական շրջանում, երբ դեռ ոչ մի հստակ բան չէր ասվում, մտածում էի՝ դա կարող է մեզ չվերաբերել, այլ այն ուսանողներին, ովքեր մեզնից հետո էին ընդունվելու։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ մեզ նույնպես վերաբերում է, և ստիպված եղա այլընտրանքներ փնտրել»,– պատմում է Գոհարը։
Նա չի ցանկանում այլ համալսարան տեղափոխվել և կարծում է, որ նման փոփոխությունների մասին ուսանողները պետք է տեղեկացված լինեին ուսումնական տարվա սկզբից։ Նրա խոսքով՝ այդ դեպքում ուսանողը կկարողանար նախապես որոշել՝ ո՞ր համալսարան և ի՞նչ մասնագիտությամբ է ցանկանում շարունակել կրթությունը։
Գոհարի համար խնդիրը միայն մասնագիտության ընտրությունը չէ։ Նա արդեն որոշակի պատկերացում ուներ իր հետագա կրթության վերաբերյալ, և փոփոխությունների մասին ուշ տեղեկանալը ստիպել է վերանայել այդ պլանները։
Նույն իրավիճակում է հայտնվել նաև Վելիխան Աբաջյանը, նա պետական համալսարանի նախապատրաստական կուրսը ավարտելուց հետո ցանկանում էր իր կրթությունը շարունակել բժշկական ֆակուլտետում, որը նույնպես փոփոխությունների արդյունքում այլևս չի լինելու ԹՊՀ-ում:
«Իմ կարծիքով այդպիսի փոփոխություններ իրականացնել պետք էր մինչև միասնական ազգային քննություններ անցկացնելը, որ դիմորդն էլ կարողանար պլանավորել և որոշել ուր է ուզում դիմել, օրինակ՝ ես միայն բժշկական ուղղությամբ եմ ցանկանում կրթությունս շարունակել, և, եթե իմանայի, որ նախատեսվում է նման փոփոխություններ, հենց սկզբից էլ կդիմեի բժշկական համալսարան և մեկ տարի չէի կորցնի ԹՊՀ-ում», — ասում է Վելիխանը:
Ուսանողների պատմությունները ցույց են տալիս, որ կրթական ծրագրերի փոփոխությունը նրանց համար միայն համալսարանի ներքին կառուցվածքի փոփոխություն չէ։ Այն կարող է անմիջականորեն ազդել արդեն ընտրված կրթական ուղղու, համալսարանի ընտրության և նույնիսկ ուսանողի ծախսած ժամանակի վրա։
Հատկապես խնդրահարույց է այն, երբ ուսանողը մասնագիտության ընտրությունը կատարում է՝ հիմնվելով տվյալ պահին հասանելի տեղեկատվության վրա, իսկ հետագայում պարզվում է, որ այդ ուղղությամբ կրթությունը շարունակել այլևս հնարավոր չէ նույն համալսարանում։
Ուսանողների խոսքով՝ կրթական համակարգում փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն դրանց մասին ժամանակին և հստակ տեղեկությունը կարևոր է, որպեսզի թե՛ դիմորդները, թե՛ արդեն սովորողներն ունենան իրենց կրթական ապագան պլանավորելու հնարավորություն։ Նրանք ակնկալում են, որ նման որոշումների դեպքում ուսանողների շահերը նույնպես հաշվի կառնվեն։



