Երկրի ողջ տարածքում հանրային դպրոցներն առաջիկա օրերին կստանան նոր դասագրքեր։ 2026–2027 ուսումնական տարում I, V, VII, IX և X դասարանների աշակերտներն ուսուցումը կանցնեն նոր դասագրքերով։ Այս մասին հայտնում է «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն։
Ընկերության տեղեկությամբ՝ Վրաստանի պետական դպրոցների համար նոր դասագրքերի տպագրության և հրատարակության գործընթացն ակտիվ փուլում է։
«2026–2027 ուսումնական տարվա համար դասագրքերի թարմացումը ներառում է I, V, VII, IX և X դասարանները։
2026 թվականի համախմբված մրցույթի շրջանակում, որը նախաձեռնել է «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն, դասագրքերի փուլային մատակարարումը պետական դպրոցներին և կրթական ռեսուրս-կենտրոններին կավարտվի ոչ ուշ, քան սեպտեմբերի 10-ը։
Տպագրության և բաշխման գործընթացը ներառում է 32 անուն ուսումնական հրատարակություն՝ ընդհանուր 1 533 339 օրինակ տպաքանակով։ Դրանցից 1 340 044 օրինակը կտրամադրվի անմիջապես հանրային դպրոցներին։
Դասագրքերն անվճար կստանան՝
- հանրային դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները,
- մասնավոր դպրոցների այն աշակերտները, որոնք գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում, եթե նրանց ընտանիքի վարկանիշային միավորը յուրաքանչյուր տարվա մարտի 1-ի դրությամբ 70 001-ից պակաս է,
- Ախալգորիի մունիցիպալիտետի օկուպացված տարածքներում գտնվող և վրացերենով ուսուցում իրականացնող դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները,
- Ինգուրիի երկայնքով գտնվող Գալիի օկուպացված շրջանի 9 դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև Գալիի օկուպացված շրջանի նախապատերազմյան սահմաններում վերականգնված և գործող դպրոցների առաջին դասարանների աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանց կտրամադրվեն II–XI դասարանների վրաց լեզվի և գրականության, Վրաստանի պատմության և Վրաստանի աշխարհագրության դասագրքերը,
- մասնավոր դպրոցների առաջին դասարանների աշակերտները՝ միայն «Դեդա-Էնա» (Մայրենի լեզու) դասագիրքը,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված զինծառայողների երեխաները, որոնք սովորում են մասնավոր դպրոցներում,
- նախարարության համակարգում գործող ՀԻԻԱ-ները և նախարարությունը՝ ըստ պահանջի։
Երկրի ողջ տարածքի դպրոցներին դասագրքերի մատակարարումը «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն փուլային եղանակով կսկսի առաջիկա օրերին», — ասված է հաղորդագրության մեջ։


