նորություններ 7 Օգոստոսի, 2026 • Քութաիսիում մեկնարկել է ԹՈՒՄՈ-ի գրանցումը

Քութաիսիում մեկնարկել է ԹՈՒՄՈ ստեղծագործական տեխնոլոգիաների կրթական կենտրոնի գրանցումը։ Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տվյալներով՝ դեռահասները կարող են անվճար դասընթացներ անցնել 11 ժամանակակից ոլորտներում՝ ռոբոտաշինությունից և արհեստական բանականությունից ընդհուպ մինչև խաղերի մշակում։

Կենտրոնը գտնվում է Քութաիսիի տեխնոլոգիական կենտրոնում։ Ուսումը կլինի լիովին անվճար և ֆինանսավորվում է GITA-ի և Վրաստանի բանկի կողմից։

Դեռահասները կկարողանան ուսումնասիրել գրաֆիկական դիզայն, ծրագրավորում, 3D մոդելավորում, լուսանկարչություն, կինոարտադրություն, ռոբոտաշինություն, խաղերի մշակում, անիմացիա, երաժշտություն, գեներատիվ արհեստական բանականություն (Generative AI) և նկարչություն։

ԹՈՒՄՈ-ն միջազգային կրթական մոդել է, որն արդեն գործում է մի քանի երկրներում և համատեղում է ինքնուրույն ուսուցումը, գործնական սեմինարները և լաբորատոր աշխատանքները։

Ծրագիրը նախատեսված է 12-ից 18 տարեկան սովորողների համար։ Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի վերջին։

Ընտրության գործընթաց չկա։ Առաջին 600 գրանցված դեռահասներն ավտոմատ կերպով կընդգրկվեն ծրագրում։

Գրանցվել հնարավոր է առցանց կամ անձամբ Քութաիսիի տեխնոլոգիական կենտրոնի ԹՈՒՄՈ տարածքում, երեքշաբթիից շաբաթ, ժամը 11:00-ից մինչև 17:00-ը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է ծնողի կամ օրինական խնամակալի ներկայությունը։ Դեռահասները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական, իսկ ծնողները՝ անձը հաստատող փաստաթուղթ։

ԹՈՒՄՈ ստեղծագործական տեխնոլոգիաների կրթական կենտրոնը գործում է Ջավախքում, Ախալքալաքում՝ 2022 թվականից։ ԹՈՒՄՈ-ն հայկական, անվճար կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած դեռահասների համար։ ԹՈՒՄՈ կենտրոններ են գործում Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև միջազգային ԹՈՒՄՈ կենտրոններ Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Թեհրանում, Բեյրութում, Կիևում, իսկ այժմ՝ նաև Վրաստանի Քութաիսի քաղաքում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝