նորություններ 14 Օգոստոսի, 2026 • Ամառային արձակուրդ և գիրք․ կարդալը պարտականությո՞ւն, թե՞․․․

Ամառային արձակուրդների մեկնարկին ծնողներին ու երեխաներին հաճախ սպասվում է ծանոթ հանձնարարություն՝ «ամռանը գիրք կարդալ»։ Ոմանց համար դա հաճելի զբաղմունք է, մյուսների համար՝ հերթական պարտականություն, որը պետք է պարզապես ավարտել մինչև դպրոց վերադառնալը։ Բայց արդյո՞ք երեխային գիրք կարդալ ստիպելով՝ մենք իսկապես ձևավորում ենք ընթերցող, թե՞ երբեմն հակառակ արդյունքն ենք ստանում։

Ինչո՞ւ է ամռանը գիրք կարդալը կարևոր: Այս մասին Jnews-ը զրուցել է ծնողների, հոգեբանի և ուսուցիչների հետ։

«Գիրք կարդալը չափազանց կարևոր է երեխայի բանավոր խոսքի զարգացման, բառապաշարի հարստացման, ստեղծագործական մտքի և երևակայության ձևավորման համար։ Սակայն, երբ գիրք կարդալը դառնում է պարտադրանք, այն երեխայի մոտ հակառակ ազդեցությունն է թողնում։ Շատ կարևոր է ընտրել երեխայի հետաքրքրություններին համապատասխան գիրք, ինչպես նաև օրական ընթերցանության ճիշտ ծավալ ընտրել, որպեսզի երեխան չհոգնի», — մեզ հետ զրույցում ասաց լոգոպեդ Տաթև Մոսոյանը։

Ամառային ընթերցանության ցանկալիության ու կարևորության մասին խոսում են նաև ծնողները։ Ծնողները նույնպես կարևորում են, որ երեխաները արձակուրդներին ընթերցանությամբ զբաղվեն, միևնույն ժամանակ նշում են, որ ամռանը լիարժեք հանգստանալը որոշիչ դեր է ունենում երեխայի առաջադիմության վրա։

«Երկու տղաների մայրիկ եմ, տղաներս կարդում են այն, ինչ հետաքրքրում է իրենց։ Կողմ եմ, որ գիրք շատ կարդան, բայց պետք է նաև հասկանալ, որ երեխաները նաև ուզում են խաղալ ու այլ բաներով զբաղվել», — ասաց երկու երեխաների մայր Աքսաննան։

Ալլան նշում է՝ ի տարբերություն իր աղջիկների, տղային չի կարողանում համոզել, որ արձակուրդներին գրքեր կարդա։

«Աղջիկներս հաճույքով են գիրք կարդում։ Ուսուցչուհին ցանկ է տվել՝ և պարտադիր ընթերցելու, և ցանկալի գրքերի։ Սակայն պարտադիր ցանկն այնքան շատ է, որ ցանկալիների համար ժամանակ չի մնում։ Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, եթե երեխաներն իրենք ընտրեն այն գրքերը, որոնք ուզում են կարդալ», — նշեց երեք դպրոցահասակ երեխաների մայր Ալլան։

«Իմ տղային ստիպում ենք, որ պատմավեպեր կարդա, իրեն ստիպելով մի քանի էջ կարդում է, բայց հենց ժամանակակից ու իրեն հետաքրքիր որևէ գիրք է ընկնում ձեռքը, նա մեծ հաճույքով կարդում է», — ընդգծեց մեկ այլ ծնող, ով չցանկացավ ներկայանալ։

Այս թեմայով խոսեցինք հոգեբան Զարինե Զադոյանի հետ, ով ասաց, որ երեխային դեռևս 1-2 տարեկանից պետք է ծանոթացնել գրքերին և հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ։

Տիկին Զարինեն տվեց նաև մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն՝ թե՛ ծնողներին, և թե՛ երեխաներին գիրք կարդալը դարձնել առավել ցանկալի և հաճելի գործընթաց․

  1. Նախ և առաջ պետք է հաշվի առնել երեխայի անհատական առանձնահատկությունները. կան երեխաներ, որ կարդալու և կարդացածն ընկալելու, իմաստավորելու հետ կապված խնդիր ունեն նույնիսկ բարձր դասարաններում։ Այս դեպքում երեխային ժամերով ստիպել, որ գիրք կարդա, ավելի վնաս կլինի, քան օգուտ։ Փոխարենը կարելի է օրական շատ քիչ ժամանակ հատկացնել կարդալուն։ Ծայրահեղ դեպքում ծնողն ինքը կարող է կարդալ երեխայի համար, հետո միասին վերլուծեն ու քննարկեն կարդացածը։
  2. Երեխային տալ սահմանափակ ընտրության հնարավորություն։ Դա նշանակում է, որ գրքերի մի քանի տարբերակներից ընտրելու հնարավորություն տալ, միասին գնալ գրախանութ կամ գրադարան` գիրք ընտրելու։ Հաշվի առնել երեխայի հետաքրքրությունները։
  3. Երեխային տարիքին ու զարգացմանը համապատասխան գրքեր ընտրել։
  4. Մոտիվացիա առաջացնել։
  5. Կիրառել   ” ընթերցանության քարտեզ” մեթոդը, որն իր հերթին կարող է նպաստել, որ երեխայի մոտ լրացուցիչ մոտիվացիա ստեղծվի կարդալու նկատմամբ։ Դա իրենից ներկայացնում է այն, որ յուրաքանչյուր ստեղծագործություն կարդալուց հետո այն պետք է ամփոփել ու պահել մի թղթապանակում, դա շատ է դուր գալիս երեխաներին։
    Իսկ եթե վերը թվարկած մոտեցումներից ոչ մեկը չի օգնում, ապա ստիպողաբար, միայն “կարդալու համար” կարդալը ավելի վնաս է, քան օգուտ. երեխան ապրում է բացասական հույզեր, նյարդայնանում է, վատանում են ծնող-երեխա փոխհարաբերությունները և մի շարք այլ բացասական երևույթներ։ Այդ իսկ պատճառով այստեղ ևս պետք է ծնողների, ինչպես նաև ուսուցիչների գրագետ ու ըմբռնումով մոտեցումը։ Միայն փոքր, բայց համառ քայլերով առաջնորդվելով` երեխան կկարողանա բացահայտել գրքերի հրաշք աշխարհը։

Դպրոցական արձակուրդը չի նշանակում, որ երեխան պետք է ամբողջությամբ կտրվի ուսուցումից։ Ընթերցանությունը կարող է օգնել պահպանել տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունները, զարգացնել բառապաշարը, ընթերցանության արագությունն ու հասկանալու կարողությունը։

Եթե գիրքը երեխայի համար մշտապես կապվում է գնահատականի, պատժի, քննության կամ ծնողի դժգոհության հետ, ընթերցանությունը կարող է աստիճանաբար ընկալվել որպես տհաճ պարտականություն։

Եթե երեխան մի քանի էջից հետո հասկանում է, որ գիրքն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, կարելի է թույլ տալ մեկ ուրիշ գիրք փորձել։

Սա չի նշանակում, որ երեխան պետք է ամեն դժվարության դեպքում հրաժարվի։ Բայց պետք է տարբերել «դժվար գիրքը» և «ինձ ընդհանրապես չհետաքրքրող գիրքը»։

Ամառային արձակուրդը լավ հնարավորություն է երեխային ցույց տալու, որ գիրքը միայն դպրոցի հանձնարարությունը չէ։ Այն կարող է լինել ճանապարհորդության ուղեկից, երեկոյան հանգստի մի մաս, հետաքրքրության աղբյուր կամ պարզապես լավ պատմություն։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝