Երեկ՝ հուլիսի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում սեփական տան մեջ մահացած են գտել 55-ամյա տղամարդու մարմինը։ Բնակիչներն ու ականատեսները հաստատում են, տղամարդն ինքնասպանություն է գործել։ Հետաքննություն է սկսվել սպանություն հոդվածով, բայց փորձաքննության արդյունքում չի բացառվում, որ գործը վերաձեւակերպվի ինքնասպանություն հոդվածով։
55-ամյա տղամարդը ապրում էր Ազավրեթ գյուղում կնոջ հետ, մեկնում էր արտագնա աշխատանքների։ Նրա երեխաները ապրում են արտասահմանում։ Ըստ Jnews-ի ունեցած տեղեկությունների՝ տղամարդն առողջական խնդիրներ ուներ։
Գյուղից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ ականատեսները պատմել են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել կտրող ծակող գործիքով վզի հատվածում վնասվածքներ հասցնելով։
Տղամարդուն մահացած է գտել կինը, ով չի կարողացել բացել տան դուռը և օգնության է կանչել համագյուղացիներին։
Դիահերձումից հետո տղամարդու մարմինը արդեն բերել են գյուղ, սակայն փորձաքննության պատասխանները դեռևս պարզ չեն։
Ինչպես Jnews-ին հայտնեցին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանություն։ Սակայն գերատեսչությունից նաեւ բացատրեցին՝ դեռ փորձաքննություն է ընթանում: Jnews-ի տեղեկությամբ, չի բացառվում հոդվածի փոփոխությունը։
Կարդացեք նաեւ՝ Ախալքալաքի գյուղերից մեկում մահացած տղամարդ է հայտնաբերվել



