նորություններ 10 Հուլիսի, 2026 • Հինգ գյուղերի բնակիչներ խնդրում են ընդլայնել Կաջոյի մանկապարտեզը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո տարածքային միավորի հինգ գյուղերի բնակիչներ խնդրում են շենքի առաջին հարկն ամբողջությամբ փոխանցել Կաջո գյուղի մանկապարտեզին։ Մանկապարտեզն ինքնին գտնվում է երկրորդ հարկում։ Նրանք ասում են, որ առկա տարածքներն այլևս չեն բավարարում, նախադպրոցական տարիքի երեխաների թիվն աճում է, և մանկապարտեզում տեղ չկա լրացուցիչ խմբի ու այն չունի ցերեկային հանգստի համար նախատեսված ննջարան։ Ավելին, մանկապարտեզի բակի փոքր տարածքը նույնպես չի համապատասխանում երեխաների պահանջներին։

Կաջո գյուղի մանկապարտեզը բացվել է 2018 թվականին Բեժանո տարածքային միավորի հինգ գյուղերի երեխաների համար։ Այն գտնվում է նախկին գյուղխորհրդի շենքի երկրորդ հարկում, որը հիմնանորոգվել է։

Բեժանո տարածքային միավորից ընտրված պատգամավոր Աշոտ Եգունյանի խոսքով, բնակիչներն են դիմել իրեն, խնդրելով բարձրացնել շենքի առաջին հարկը մանկապարտեզին փոխանցելու հարցը։

«Բնակիչները խնդրեցին ինձ բարձրացնել այս հարցը։ Մանկապարտեզում չկան հարմարություններ, որպեսզի երեխաները կարողանան ցերեկը քնել։ Առաջին հարկը գործնականում չի օգտագործվում։ Այնտեղ մեծ ծախսերի կարիք չկա, բավական է միայն մեկ դուռ բացել։ Շենքը վերանորոգված է, ջեռուցում կա։ Բուժքրոջ աշխատասենյակը նույնպես գրեթե չի օգտագործվում։ Եթե նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները ցանկանային հաճախել մանկապարտեզ, պարզապես տեղ չէր լինի», — ասում է Աշոտ Եգունյանը։

Ներկայումս, ըստ պատգամավորի, հինգ գյուղից մանկապարտեզ է հաճախում 66 երեխա

Բեժանո՝ 22 երեխա,
Ագանա՝ 15,
Ալաթուման՝ 14,
Կաջո՝ 13,
Սիրկվա՝ 2։

Ծնողների խոսքով, հիմնական խնդիրներից մեկը ննջասենյակի բացակայությունն է։ Մանկապարտեզը աշխատում է լրիվ օրը, սակայն երեխաները ցերեկային ժամերին հանգստանալու տեղ չունեն։ Այժմ հաստատությունն ունի երկու խումբ։

Տեղի բնակիչների խոսքով, խնդիր է նաև մանկապարտեզի բակի փոքր չափսերը։ Այն հնարավորություն չի տալիս երեխաների համար պատշաճ զբոսանք կազմակերպել և խաղեր անցկացնել։ 2022 թվականին գյուղի երիտասարդներն իրենք իրենց ուժերով այնտեղ խաղահրապարակ են կառուցել։ Նախագիծն իրականացվել է «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպության և TASO կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սակայն, չնայած խաղահրապարակի ավելացմանը, մանկապարտեզի տարածքը մնում է չափազանց փոքր հինգ գյուղի երեխաներին սպասարկող նախակրթական կազմակերպության համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը հաստատեց, որ շենքը լուրջ վերակառուցման կարիք ունի։

«Կաջոյի մանկապարտեզում շատ բան պետք է փոխվի։ Երբ մենք այն բացեցինք, շատ մանրամասների վրա ուշադրություն չդարձրեցինք։ Նույնիսկ եթե այստեղ աշխատեր միայն մեկ խումբ, շենքը միևնույն է չէր համապատասխանի ներկայիս չափանիշներին։ Մենք այս հարցը քննարկել ենք քաղաքապետի հետ և պլանավորել էինք իրականացնել աշխատանքները, բայց հետո սկսվեց հավաստագրման գործընթացը, և մեզ տեղեկացրին, որ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը սկսելու է նոր մանկապարտեզների շինարարությունը։ Դրա համար մենք որոշեցինք ոչինչ չանել։ Մենք վախենում էինք, որ կլինի այնպես, ինչպես թիվ 3 մանկապարտեզի դեպքում. ահագին գումար ներդրեցինք, իսկ հետո նոր շենքի կառուցման դեպքում, պարզվեց ամեն ինչ պետք է քանդվի։ Բացի դրանից կատարված աշխատանքները կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին», — ասաց Անահիտ Ասատուրյանը։

Վերջինիս խոսքով, մանկապարտեզը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու և թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ներդրումներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝