Եվրամիությունը մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքու կատարած այցի ժամանակ։
Ֆոն դեր Լեյենը, որը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և եվրահանձնակատար Մարթա Կոսի հետ, նշել է, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը՝ ամրապնդելով տարածաշրջանային կապը և նպատակային օգնություն տրամադրելով տեղական համայնքներին։
Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե չորս տասնամյակ հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Անցյալ տարվա օգոստոսին, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, երկու կողմերը հասան խաղաղության համաձայնագրի՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
«Մեր «Peace through Connectivity» փաթեթը կօգնի ստեղծել խաղաղ և բարգավաճ ապագա Հարավային Կովկասի համար։ Միասին մենք կարող ենք թղթի վրա խաղաղությունը վերածել իրական խաղաղության», — ասաց ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովը նաև հայտարարել է, որ լրացուցիչ 20 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի և Ադրբեջանի տեղական համայնքներին աջակցելու ծրագրին։ Միջոցները կօգտագործվեն առողջապահության զարգացման, ականազերծման, մասնագիտական հմտությունների բարելավման և տեղական բիզնեսներին աջակցելու համար։



