Հունիսի 30-ին Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի կողմից կազմակերպված 2026 թվականի մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Գոման գյուղի դպրոցը լավագույն արդյունքների համար ստացավ գավաթ և շնորհակալագիր, իսկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անժելա Մարուքյանին շնորհվեց հատուկ շնորհակալագիր:
Այս տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական Facebook-յան էջում:
Պաշտոնական արարողության ժամանակ օլիմպիադայում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված միջին և բարձր դասարանների 21 աշակերտներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Գավաթներ և շնորհակալագրեր հանձնվեցին նաև Ախալցիխեի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Ժուժունա Գոգոլաուրիին և Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի հանրային դպրոցի տնօրեն Հայաստան Մովսիսյանին:
Մաթեմատիկական օլիմպիադայի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, երկարատև արդյունավետ համագործակցության և աշակերտների հաջող պատրաստվածության համար հատուկ շնորհակալագիր է շնորհվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անժելա Մարուքյանին։ Բացի այդ, պատվոգրեր են շնորհվել նաև աշակերտների օլիմպիադային հաջող մասնակցության և նրանց նախապատրաստման գործում նշանակալի ներդրում ունեցած այլ ուսուցիչների։
Օլիմպիադայի մրցանակաբաշխությանը ներկա էր Վրաստանի ազգային աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդր Թևզաձեն։ Նա համալսարանին նվիրաբերեց երկու գավաթ՝ հաջողակ դպրոցների տնօրեններին պարգևատրելու համար, ինչպես նաև պատվոգիր՝ ամենահաջողակ ուսուցչին։
2026 թվականի մաթեմատիկայի օլիմպիադան կազմակերպել էր Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը։ Օլիմպիադայի առաջին փուլը տեղի ունեցավ Ախալքալաքում մայիսի 24-ին։ Մասնակցեցին տարբեր դպրոցների աշակերտներ։ Գոման գյուղից մասնակցեց քսան աշակերտ, որոնցից 10-ն անցան երկրորդ փուլ։
Երկրորդ փուլը տեղի ունեցավ Ախալցիխեում հունիսի 7-ին։ Գոմանից մասնակցեցին ինը աշակերտ, որոնք բոլորն էլ բարձր միավորներ հավաքեցին, սակայն երեքը գրավեցին առաջին տեղը և արժանացան մեդալների։








