Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է մանկապարտեզների պարտադիր պետական հավաստագրման գործընթացը: Այս պահի դրությամբ մունիցիպալիտետում գործող 14 մանկապարտեզից չորս գյուղական մանկապարտեզ անցել են հավաստագրման գործընթացը, սակայն շենքերում կան մի շարք անհամապատասխանություններ, որոնք դեռ պետք է համապատասխանեցվեն նոր չափանիշներին։
Վրաստանի բոլոր նախակրթարանները և նախադպրոցական հաստատությունները պարտավոր են անցնել պետական հավաստագրում։
Հավաստագրման գործընթացն Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է այս գարնանը: Համապատասխան ընթացակարգերից հետո, Ախալքալաքի մունիցիպալիտետի 14 մանկապարտեզից չորսը ստացել են հավաստագիր։
Այս տարվա սկզբին Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս մանկապարտեզ, հավաստագրման գործընթացն անցնելու համար, մունիցիպալ հաշվեկշռից տեղափոխվեցին Մանկապարտեզների միավորման հաշվեկշռին։
Դրանք հետևյալ մանկապարտեզներն են՝
- Կարծախ գյուղի թիվ 9 մանկապարտեզ
- Պտենա գյուղի թիվ 11 մանկապարտեզ
- Կուլիկամ գյուղի թիվ 10 մանկապարտեզ
- Կումուրդո գյուղի թիվ 15 մանկապարտեզ
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, բոլոր չորս մանկապարտեզն էլ առաջին փուլում ստացան հավաստագիր, սակայն դեռևս կան հարցեր, որոնք պահանջում են շտկում, և շենքերում նախատեսվում են տարբեր շինարարական և վերանորոգման աշխատանքներ։
«Բոլորն էլ ստացան հավաստագիր, բայց շենքերի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Սա վերաբերվում է բոլոր չորս մանկապարտեզներին։ Խնդիրը նրանում է, որ շենքերը կառուցվել են վաղուց, և իսկ չափանիշները, որոնց պետք է համապատասխանեցվեն, ընդունվել են միայն անցյալ տարի։ Բոլոր այդ խնդիրները լուծելու համա մեզ տրվել է երկու տարի ժամանակ», — ասաց նա։
Հավաստագրման երկրորդ փուլը դեռ չի սկսվել։ Հավաստագրման գործընթացը, բոլոր մանկապարտեզներում, նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։
«Մինչև նրանք չասեն, թե հաջորդ փուլում քանի մանկապարտեզ է պետք ներկայացվի հավաստագրման համար, չեմ կարող ասել, թե որ մանկապարտեզները կլինեն հաջորդը», — նշեց Անահիտ Ասատուրյանը։
Հավաստագրում նշանակում է, որ մանկապարտեզը պետք է համապատասխանի հաստատության անվտանգության, սանիտարական չափանիշների (սնունդ, քնելու տեղ), անձնակազմի որակավորման, ուսումնական ծրագրի և մեկ երեխայի համար տարածքի պահանջների խիստ պահանջներին, ինչպես սահմանված է «Վրաստանի նախնական և նախադպրոցական կրթության մասին» օրենքով։
Ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 14 մանկապարտեզ, որոնցից 12-ն ապահովում են սնունդ, իսկ երկուսը՝ այլընտրանքային են, գործում են կեսօր՝ առանց սննդի։ Ախալքալաքի ևս երեք մանկապարտեզ վերանորոգման փուլում են, իսկ նորակառույց շենքը սպասում է կահույքի՝ որպեսզի նախադպրոցական հաստատությունը սկսի աշխատանքը։



