Ախալքալաքի բնակչուհին, ով ռուսական անձնագիր ստանալու համար, հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից, տարիներ անց հայտնվել է իրավական փակուղու մեջ։ Այժմ նրան սպառնում է 2000 լարի տուգանք և երկու տարով արտաքսում Վրաստանի իր տնից։ Նա չի կարողանում վերականգնել իր վրաստանի քաղաքացիությունը՝ վրաց լեզվի, պատմության և երկրի սահմանադրության պարտադիր քննությունների պատճառով։
2017 թվականին Ախալքալաքի բնակչուհին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և ստացել ՌԴ քաղաքացիություն։
«Ես գիտեի, թե մինչև սահմանին չներկայացնեմ իմ ռուսական անձնագիրը, նրանք ինձ չեն զրկի վրաստանի քաղաքացիությունից։ Իմ հրաժարականը ուժի մեջ չէր մտնի», — ասում է նա։
2019 թվականին, Վրաստանի սահմանը նա հատում է վրաստանի անձնագրով, իսկ մուտք գործում ռուսական անձնագրով։ Սակայն, դրանից հետո, երկար ժամանակ, քաղաքացիությունից զրկվելու մասին տեղեկատվություն կառավարության տվյալների բազայում չի արտացոլվում։ Այդ ընթացքում, արդեն Ռուսաստանի քաղաքացի լինելով, նա շարունակում է ապրել Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքում, և վստահ էր, որ պաշտոնապես չի զրկվել վրաստանի քաղաքացիությունից։ Ավելին, 2021 թվականին նրա վրացական անձնագրի ժամկետը լրանալուց հետո նա առանց որևէ խնդրի ստանում է նորը։ Ոչ ոք նրան չի տեղեկացնում, որ այլևս Վրաստանի քաղաքացի չէ։ Սա նրան հանգստացնում է և հույս տալիս, քանի որ նա արդեն փոշմանել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում էր վերականգնել վրաստանի քաղաքացիությունը։
Բացի դրանից, այս ընթացքում նա բիզնես է բացում Ախալքալաքում, գրանցվում է որպես հարկատու և մինչ օրս գործունեություն է ծավալում։ Նրա խոսքով, ինքը չի հասկանում, թե ինչու հարկային համակարգում իր կարգավիճակը որևէ հարց չի առաջացրել։
Նա պնդում է, որ մինչև 2025 թվականի հուլիսը, երբ որոշում է, ժամկետը լրանալու պատճառով, փոխել անձը հաստատող վկայականը,Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին, պաշտոնական ծանուցում չի ստացել։ Նրա անձը հաստատաող վկայականի ժամկետը լրացել է 2025 թվականի հուլիսին։
Սակայն, նրա անձը հաստատող վկայականը չեն փոխում, և նրան տեղեկացնում են, որ նա այլևս Վրաստանի քաղաքացի չէ։ Այդ ժամանակ էլ նա առաջին անգամ ստանում է պաշտոնական ծանուցումը։ Այժմ նրան սպառնում է մեծ տուգանք և երկու տարվա արտաքսում։ Նա Վրաստանից դուրս տուն չունի, նրա տունն ու ընտանիքը գտնվում են Ախալքալաքում, և երկու տարվա արտաքսումը նրա համար սարսափելի սպառնալիք է թվում։
«Եթե 2025 թվականի հուլիսին է եկել իմ քաղաքացիությունից զրկվելու ծանուցումը, ապա ես իրավունք ունեմ մեկ տարի մնալ Վրաստանում։ Այդ ժամկետը դեռ չի լրացել։ Երբ գնացի սահմանը հատելու, ինձ ասացին, որ դուրս գալուց հետո ինձ կտուգանեն 2000 լարիով և կարտաքսեն երկու տարով։ Ես վերադարձա և որոշեցի ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն, բայց դա էլ չեմ կարողանում ստանալ, քանի որ իմ ռուսական անձնագրում մուտքի և ելքի կնիքներ չկան։ Իմ առաջին ռուսական անձնագիրը տրվել էր հինգ տարով, նրա ժամկետը լրանալուց հետո ես նորը ստացա դեսպանատնից, ու այն չեմ օգտագործել։ Ես սահմանը միշտ հատել եմ իմ վրացական անձնագրով։ Իմ ռուսական անձնագրում գործնականում ոչ մի նշում չկա, ուստի, բնակության թույլտվության համար չեմ կարող դիմել», — ասում է Ախալքալաքի բնակիչը։
Վրաստանի արդարադատության նախարարությունում նրան ասել են, որ նա ունի երկու տարբերակ։
Առաջինը՝ հանձնել երեք քննություն՝ վրաց լեզու, վրաստանի պատմություն և Վրաստանի սահմանադրություն, այնուհետև անցնել հարցազրույց և վերստին դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Սակայն, նույնիսկ քննությունները հանձնելը չի երաշխավորում քաղաքացիության վերականգնում՝ դիմումը կարող են մերժել։
Երկրորդ տարբերակը՝ սահմանը հատելն է, տուգանքը վճարելը և երկամյա արտաքսման պատիժը կրելը։
Կինը մոտ է թոշակային տարիքին և ասում է, որ վրացերեն սովորելն այս տարիքում չափազանց դժվար է իր համար։
Նա վրդովված է, որ իր քաղաքացիությունից զրկվելու մասին պաշտոնական ծանուցումից դեռ մեկ տարի չի անցել, և չի հասկանում, թե ինչի հիման վրա է իրեն սպառնում տուգանք և արտաքսում։
Բնակիչուհին դեռևս հույս ունի խուսափել արտաքսումից։ Նա դիմել է արդարադատության մարմիններին՝ ստանալու փաստաթուղթ, որը կհաստատի, որ Վրաստանում իր գտնվելու թույլատրելի ժամկետը՝ մեկ տարին, քաղաքացիությունը կորցնելուց հետո, դեռ չի լրացել։ Այս փաստաթղթով նա պատրաստվում է կրկին դիմել մաքսային մարմիններին՝ հույս ունենալով խուսափել կամ գոնե կրճատել արտաքսման ժամկետը։
Հարկ է նշել, որ բնակչուհին ծնվել, մեծացել և ամբողջ կյանքն ապրել է Ախալքալաքում։ Նրա խոսքով, ինքը ռուսական անձնագիր է ստացել, որպեսզի օգնի իր դստերը, ով բնակվում է Ռուսաստանում, որպեսզի նա ստանա ՌԴ քաղաքացիություն։



