Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները և ժամանակավորապես կասեցրել է ևս երկու հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների շտկումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ռոսսելխոզնադզորին (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն):
Սա նշանակում է, որ Հայաստանից Ռուսաստան ձկան բոլոր առաքումները կասեցվել են:
Գործակալությունը բացատրել է, որ Ռոսսելխոզնադզորը նախկինում պահանջել էր, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնի բոլոր ձկնային արտադրանքի հավաստագրումը, բացառությամբ ստուգմանը անմիջականորեն ներգրավված ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունների համար մտցվել է խստացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ:
«Արդյունքում, նյութերի անալիզից հետո, պատրաստվել է նախնական զեկույց և որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը», — հայտարարել է Ռոսսելխոզնադզորը:
Գերատեսչությունը պնդում է, որ համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնային արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար:



