Մոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ մի քանի սարքերի հաջողվել է հասնել նավթավերամշակման գործարան, հաղորդում է ռուսական մամուլը։
«Հակաօդային պաշտպանության ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Մի քանի անօդաչու սարքերի հաջողվել է հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարան», — ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հարվածների հետևանքները վերացնելու համար։
Անօդաչուի բեկորներն ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում։ Հաղորդվել է աննշան վնասների մասին։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։
Մոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ մի կին վիրավորվել է Էլեկտրոստալում մասնավոր տան տանիքին անօդաչու սարքի բեկորների ընկնելու հետևանքով։
Նա նաև հայտնել է, որ անօդաչու սարքը հարվածել է Ժուկովսկիի բնակելի շենքին։ Չեխովում և Պավլովսկի Պոսադում վնասվել են մասնավոր տներ, իսկ անօդաչու սարքի բեկորներն ընկել են Կրյուկովո գյուղի մի քանի ամառանոցների վրա։
Բացի այդ, վնասվել են մարզասրահը և Լյուբերցի արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը։ Հրդեհ է բռնկվել «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 52 անօդաչու թռչող սարք։ Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։



