Թբիլիսիի ոստիկանության խարդախությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալել են երեք անձի։
Քննության վարկածով՝ մեղադրյալները քաղաքացիներին խոստացել են փոքրիկ ամառանոցների կառուցում և այլ աշխատանքների իրականացում, ձևակերպել են կեղծ գործարքներ և հաճախորդներից ստացել ընդհանուր առմամբ 164 000 լարի, որը ամբողջությամբ յուրացրել են։
Երկրորդ գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննության տվյալներով՝ մեղադրյալը, աշխատելով մի ընկերությունում և զբաղվելով միջազգային բեռնափոխադրումների կազմակերպչական հարցերով, խաբեության միջոցով ընկերության ծառայությունների դիմաց վճարումները փոխանցել է այլ բանկային հաշիվների, որոնք ինքն էր տրամադրում հաճախորդներին։
Այս կերպ, ՆԳՆ տվյալներով, նա յուրացրել է 120 000 լարի։
Երկու գործերն էլ քննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով՝ խարդախություն։
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։

