ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որում 141 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, համաձայնել են կրճատել բրածո վառելիքի օգտագործումը: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, Իրանը և Սաուդյան Արաբիան քվեարկել են դեմ:
Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը պարտավորեցնում է երկրներին կրճատել բրածո վառելիքի օգտագործումը և պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ: Փաստաթուղթը հաստատում է Միջազգային դատարանի կարծիքը, որը հրապարակվել է 2025 թվականի հուլիսին:
Վանուատու կղզի-պետության կողմից ներկայացված բանաձևին աջակցել է 141 երկիր: Դեմ են քվեարկել ութ երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը, Լիբերիան և Եմենը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Թեմի Բրյուսը նշել է, որ բանաձևը պարունակում է «բրածո վառելիքի հետ կապված անընդունելի քաղաքական պահանջներ»:
Ըստ Associated Press-ի՝ փետրվարին Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է համոզել այլ երկրներին ճնշում գործադրել Վանուատուի վրա՝ բանաձևը հետ կանչելու համար։
Մի քանի երկրներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Նրանց թվում էին COP31 կլիմայական գագաթնաժողովի մասնակիցները, այդ թվում՝ Թուրքիան և Հնդկաստանը, ինչպես նաև նավթ արտադրող պետություններ Կատարն ու Նիգերիան։
Ինչպես նշում է The Guardian-ը, Միջազգային դատարանի կարծիքն իրավաբանորեն պարտադիր չէ, բայց այն արդեն օգտագործվում է ամբողջ աշխարհում կլիմայական վեճերում և դատարաններն ավելի ու ավելի հաճախ են հաշվի առնում իրենց որոշումներում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշն ողջունել է Գլխավոր ասամբլեայի կողմից բանաձևի ընդունումը։



