Հայ Օգնության Միության Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնը այսօր` մայիսի 16-ին, հյուրընկալեց Գյումրիի “Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին` նշելու Հայաստանի Երգի պարի վաստակավոր անսամբլի հիմնադիր անդամ, երգահան, կոմպոզիտոր, քանոնահար ծնունդով Գյումրեցի Խաչատուր Ավետիսյանի 100 ամյակը “Մշակույթի Վարպետը” խորագրով հոբելյանական համատեղ միջոցառումով։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երաժշտական, պարային համարներ, ինչպես նաև նկարչական պլեներ։
Գյումրիի “Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվել էր նաև Նինոծմինդայի “Ռաֆայել Ջավախք” կենտրոնում, ինչպես նաև այցելելու են Ախալցիխեի Երիտասարդական կենտրոն։
Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի պատասխանատու տիկին Կարինե Թադևոսյանը նշեց, որ իրենց համագործակցությունը Գյումրու “Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ երկար տարիների պատմություն ունի։
“Մեր համագործակցությունը շատ օգուտ է տվել մեր կենտրոնին, քանի որ “Ընտանիք” կենտրոնի մասնագետները մեր երեխաների ու մանկավարժների համար տեղում կազմակերպում են կերպարվեստի, կավագործության, ասեղնագործության, վարպետաց դասեր, ինչպես նաև մեր մանկավարժներին հրավիրում են իրենց մոտ վերապատրաստման դասընթացների”, — ասաց Կարինե Թադևոսյանը։
Նա նշեց, որ միջոցառումը փառատոն է նվիրված Խաչատուր Ավետիսյանի 100 ամյակին և եզրափակիչ միջոցառումը լինելու է հունիսի 13-ին, որին հրավիրված է նաև ԱԵԿ-ը։
“Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ տիկին Սվետլանա Պետրոսյանը նշեց, որ երկար տարիների համագործակցության ընթացքում իրենք Ախալքալաքի, ինչպես նաև Նինոծմինդայի և Ախալցիխեի երիտասարդական կենտրոնների հետ ստեղծել են ջերմ ընկերական հարաբերություններ։
“Մեր համագործակցությունը մի մեծ գեղեցիկ կամուրջ է մշակույթի շրջանակներում, որը ստեղծել է բարեկամություն, ընկերություն և ամեն տարի նմանատիպ միջոցառումների ընթացքում այն ավելի է ամրապնդվում”, — ասաց տիկին Սվետլանա Պետրոսյանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաև “Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, ով միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց Հայ Օգնության Միության Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար։
‘Մեր միջոցառման նպատակը մեր մատաղ սերունդներին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների հետ ծանոթացնելն է, ինչպես նաև հայկական մշակույթի ամրապնդում է”, — ասաց պարոն Արթուր Մինասյանը։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը միջոցառմանը ներկայացավ պարային համարներով, իսկ Գյումրիի “Ընտանիք” կենտրոնի սաները երաժշտական համարներով։



