նորություններ 15 Մայիսի, 2026 • Նախօրոք նշված վերջին զանգը և պատճառները

Վերջին տարիներին Ախալքալաքում և գյուղերում նկատվում է վերջին զանգը ժամանակից շուտ նշելու տենդենց։ Դեռևս հունվար-փետրվար ամիսներից շրջանավարտների ընտանիքները երեկույթներ են կազմակերպում իրենց երեխաների  դպրոցն ավարտելու առթիվ՝ չսպասելով ուսումնական տարվա ավարտին։ Jnews-ը այցելեց Դիլիսկա գյուղ՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսի նախավերջինզանգյան տրամադրություն է տիրում դպրոցում։

Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն տիկին Ռիմա Մկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցն  այս տարի ունի 33 շրջանավարտ։ Երեխաները պատրաստվում են Վերջին զանգի միջոցառմանը, որը տեղի է ունենալու մայիսի 21-ին։

Շրջանավարտների հետ հանդիպում ունեցանք, նրանց հետ զրույցի արդյունքում իմացանք, որ 33 շրջանավարտից 6-ը արդեն նշել են իրենց վերջին զանգյան տոնակատարությունները։ Պատճառների հետքերով գնալիս պարզ դարձավ, որ այս տարի  հունվարին Զոյայի ոսկե ծնունդն էր, և նրանք հենց ծննդյան օրը նշել են նաև վերջին զանգը, Հասմիկի ու Ինգայի հայրիկներն ու մոտ բարեկամները մայիսին արդեն Ռուսաստանում աշխատանքի կլինեին, դրա համար որոշել են ավելի շուտ անել վերջին զանգը։

«Հայրիկն ու եղբայրը գնալու էին Ռուսաստան աշխատելու, ամբողջ տարին դրսերն են։ Ամուսինս և մենք շատ էինք ուզում, որ մեր աղջկա վերջին զանգին մեզ հետ լինի, դրա համար նշեցինք ապրիլի 16-ին, բայց վերջին զանգի օրն էլ թեթև հյուրասիրություն կկազմակերպենք մոտիկ բարեկամների համար», — ասաց Ինգայի մայրիկը՝ Իռինան։ Նշենք, որ Ինգան 5-րդ դասարանից հետո հաճախում է Ախալքալաքի թիվ 4-րդ դպրոց։

«Մեր բոլոր բարեկամները այս ամիս արդեն երկրից գնում են աշխատանքի, եթե սպասեինք մինչև մայիս, ոչմեկ այստեղ չէր լինի», — մեզ հետ զրույցում ասաց Հասմիկը, ով Դիլիսկայի թիվ 1 դպրոցի աշակերտ է։

Մեր զրույցներից պարզ դարձավ, որ վերջին զանգը ուսումնական տարվա ավարտից շատ շուտ նշելու հիմնական պատճառներից մեկը արտագնա աշխատանքներն են, որոնց պատճառով տղամարդիկ բաց են թողնում երեխաների կյանքի կարևոր պահերից մեկը։ Կարելի է ասել, որ ծնողները գտել են այս հարցի լուծումը՝ այն ավելի վաղ նշելով։

94ad6f88-6478-4782-9d6f-d536e9844e47

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝