նորություններ 13 Մայիսի, 2026 • Ախալքալաքը գրեթե 3 տարի առանց մանկապարտեզի

Արդեն 3-րդ տարին է, ինչ Ախալքալաքում գործող երեք մանկապարտեզները փակ են վերանորոգման/շինարարության պատճառով, նոր՝ 4-րդ մանկապաարտեզը կառուցված է, հանձնված է շահագործման, բայց դեռ չի գործում: Թե ինչ իրավիճակ է այս պահին շինհրապարակներում և ինչ փուլում են գտնվում շինարարական աշխատանքները, փորձեցինք հստակեցնել՝ այցելելով թիվ 1 և 2 մանկապարտեզներ։

2024 թվականի ամռանը գրեթե միաժամանակ վերանորոգման/շինարարության նպատակով փակվեցին Ախալքալաքի թիվ 1, 2 և 3 մանկապարտեզները։ Դա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների շրջանում։ Աշխատող ծնողների երեխաները՝ մոտ 100 սան (ընդհանուր 571-ից) այս մանկապարտեզներից տեղափոխվում են գյուղական տարբեր նախադպրոցական հաստատություններ։ Բայց նախադպրոցական հասակի շատ երեխաներ այդպես էլ մնացին առանց նախադպրոցական կթության: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին դեռևս 2025 թվականի փետրվարին, այս մային Jnews- բազմիցս անդրադարձել է։

mank2 Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի նորակառույց շենքը

Թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցողական աշխատանքները ակտիվորեն ընթանում են։ Սակայն աշխղեկը տեղում չէր, իսկ  շինարարները չկարողացան հստակ ինֆորմացիա տալ աշխատանքի ընթացքի, կամ ավարտելու ժամկետների հետ կապված։

mank1 Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ

Թիվ 2 մանկապարտեզում հանդիպեցինք աշխղեկ Ջեմալի Խառպիանիձեի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքները չեն դադարեցվել նույնիսկ ձմռան ընթացքում։

«Իհարկե եղել են որոշ ուշացումներ եղանակային վատ պայմանների պատճառով, սակայն աշխատանքները ընթանում են ըստ օրակարգի և չեն դադարեցվել ձմռան ընթացքում»։

Այն հարցին, թե երբ կավարտվեն աշխատանքները, աշխղեկը դժվարացավ հստակ պատասխան տալ, սակայն հաստատեց, որ այս տարի անպայման կավարտեն։ Սա հստակ է այնքնաով, որ 2027 թվականին բոլոր մանկապարտեզները պետք է լիազորագրվեն։ Գուցե պատճառն էլ հենց դա է, որ մինչև 2026 թվականի վերջ պետք է ավարտին հասցվեն Ախալքալաքի 3 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։

Նշենք, որ Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 միլիոն 522 հազար լարիի մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը։

Թիվ 3 մանկապարտեզի շինարարությանը Jnews-ը կանդրադառնա առանձին նյութով:

Ինչ վերաբերում է նորակառույց՝ թիվ 4 մանկապարտեզին, կառուցումը ավարտվել էր դեռևս անցած տարի: Շենքը շահագործման հանձնվեց փոքր ինչ ուշ որոշակի թերությունների առկայության ու շտկման պատճառով, և պետք է սկսեր իր աշխատանքային գործնեությունը դեռևս 2025 թվականի սեպտեմբերին։ Թե ինչու այդպես էլ չի գործում այս մանկապարտեզը, Ախալքալաքի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ սպասում են նոր գույքի։

Այսիպսով դեռևս դժվար է ասել, թե արդյո՞ք  կունենա Ախալքալաքը նախադպրոցական հաստատություններ նոր ուսումնական տարվա սկզբին, թե ոչ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝