նորություններ 12 Մայիսի, 2026 • Գյուղմթերքի շուկայի բացակայություն Ախալքալաքում՝ պատճառներից լուծումներ

Ախալքալաքը լինելով գյուղատնտեսական մունիցիպալիտետ՝ չունի շուկա որտեղից տեղացին կամ հյուրը կկարողանա մաքուր և անվտանգ պայմաններում ձեռք բերել տեղական կաթը, պանիրը ձուն և այլն։ Կաթնամթերքը վաճառվում է փողոցում, սահմանափակ քանակով, մինչդեռ շուկայում գտնվող կաթնամթերքի խանութը տարիներ շարունակ դատարկ է։

Գուցե շատերը սովորել են այս երևույթին, սակայն պետք է նշել, որ պատշաճ պայմաններում գյուղմթերք գնելու հնարավորության բացակայությունը բավականաչափ անհարմարություններ է առաջացնում ոչ միայն տեղացիների, այլ նաև դրսից ժամանած հյուրերի, ինչու չէ, նաև տուրիստների համար, ովքեր գտնվելով քաղաքում ցանկանում են ձեռք բերել տեղի գյուղմթերքն ու կաթնամթերքը։

Ինչու՞ են վաճառողները գերադասում իրենց ապրանքը վաճառել փողոցում՝ ոչ բարվոք պայմաններում, այն դեպքում, երբ մի 2021-2022 թ.-ին Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից քաղաքի ագրարային շուկայի տարածքում կառուցվել ու շահագործման է հանձնվել հատուկ տարածք գյուղմթերքի վաճառքի համար։ Այդ նպատակի համար բյուջեից ծախսվել էր 38 000 լարի։ Նշենք որ այդ տարածքը տևական ժամանակ է ինչ վարձով է տրվում և դեռևս չի աշխատում։

Jnews-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ շուկայի զուգահեռ՝ Ռուսթավելի փողոցում կաթնամթերք վաճառող գյուղացիներից, ովքեր խուսափողական պատասխաններ տվեցին և նշեցին, որ իրենք առաջին անգամ են եկել ու չգիտեն որտեղ ինչ կա։ Սակայն մեր նախորդ հարցումներին ի պատասխան  ասում էին, որ շենքում շատ ցուրտ է, ինչպես նաև հաճախորդները ներս չեն մտնում խանութ։ Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ագրարային շուկայի տարածքում և փողոցներում։

Արարատ Սահարյանը, ով Ախալքալաքի շուկայի տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն գյուղմթերքի շուկան չաշխատեց, այլև ընդհանուր շուկայի տարածքում մոտավորապես 6-7 հոգի են կանգնում։ Կարելի է ասել շուկայի տարածքը չի աշխատում, առևտուրը տեղի է ունենում փողոցներում։

Ախալքալաքում փողացային առևտրի դեմ պայքարը սկսվեց 2018 թվականին։ Մինչ օրս այն պարբերաբար տարվում է։ Տեղական իշխանության համար փողոցային առևտուրը մարտահրավեր է հանդիսանում։

“Ամեն տարի մենք առնչվում ենք նույն հարցին։ Տարբեր տեսակի աշխատանքներ են տարվում փողոցային առևտուրը շուկա տեղափոխելու համար։ Մենք հնարավորինս ըմբռնումով ենք մոտենում և կոշտ միջոցների չենք դիմում, քանի որ մեր բնակիչներն են, չենք ուզում տուգանքներ ու նմանատիպ այլ միջոցներ կիրառել, բայց բոլոր տեսակի զգուշացումները ժամանակավոր բնույթ են կրում, և կարճ ժամանակ անց նորից նույն պատկերն ենք ունենում”, — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նրա խոսքով շուկայի տարածքները, որոնք հատկացրած են գյուղմթերքի և մսամթերքի համար, չեն ծառայում իրենց նպատակին։

“Առաջիկայում մենք մեր պլաններում ունենք մի քանի մեխանիզմեր ու պլանավորած համագործակցություն Սննդի անվտանգության ազգային գործակալության հետ, ինչը, հույս ունենք, որ կօգնի փոխել այս իրավիճակը։ Մեր նպատակը ժողովրդի համար բարենպաստ պայմանների ստեղծումն է կաթնամթերքի և գյուղմթերքի վաճառքի համար, որպեսզի այն պատշաճ պայմաններում՝ սառնարաններում, պահվի ու վաճառվի։ Այս ամենը պետք է անպայման վերահսկողության տակ պահել հետագայում այլ լուրջ խնդիրներից խուսափելու համար», — ասաց Մելքոն Մակարյանը։

Ավելի քան 8 տարի է, ինչ Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լուծել փողոցային առևտրի խնդիրը։ Ըստ Վրաստանի օրենսդրության, փողոցային առևտուրը արգելված է սննդի անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչպես նշեց Մելքոն Մակարյանը, քաղաքապետարանը փորձում է ըմբռնումով մոտենալ փողոցային առևտրին՝ թույլատրելով առևտուրը ամանորյա տոներին, ինչպես նաև Զատիկի, վերջին զանգի և սեպտեմբերյան առևտուրներին ընդառաջ, սակայն ամեն անգամ առևտուրը փողոց դուրս գալուց հետո չի վերադառնում շուկայի տարածք։ Շուկան գրեթե դատարկ է մնում, իսկ Նալբանդյան փողոցում առևտրականների պատճառով դժվարանում է երթևեկությունը և սովորական անցուդարձը ոչ միայն մեքենաների, այլ նաև հետիոտնի համար։

Մոտ օրերս քաղաքապետարանը պլանավորում է հերթական անգամ զգուշացնել առևտրականներին, որպեսզի նրանք մտնեն շուկայի տարածք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝